Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Թեհրանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ։ Դրա մասին ռուս-իրանական բանակցությունների արդյունքներով Դուշանբեում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ТАСС-ը։

«Եվրասիական տնտեսական միությունն այսօր ընդլայնում է իր փոխգործակցությունը գլոբալ Հարավի երկրների հետ։ Ինչպես գիտեք, մենք ընդլայնում ենք ազատ առևտրի մասին համաձայնագրերի ցանցը, մասնավորապես նաև Իրանի հետ։ Այդ թեմային այսօր ևս բավական ժամանակ է հատկացվել, որովհետև, իսկապես, ազատ առևտրի մասին համաձայնագիրը մեզ հնարավորություն է տալիս զգալի չափով հանել այն խնդիրները, որոնք կարող էին լինել, եթե այդ համաձայնագիրը չլիներ»,- ասել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալը։

Օվերչուկը հիշեցրել է, որ զուգահեռաբար այդ ուղղությամբ աշխատանք է տարվում նաև այլ երկրների հետ։ «Ուժի մեջ է մտել ժամանակավոր համաձայնագիրը Մոնղոլիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Աշխատանք է տարվում նաև Ինդոնեզիայի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելու ուղղությամբ։ Բացի դրանից, բանակցություններ են ընթանում Հնդկաստանի հետ, խորհրդակցություններ են անցկացվել Պակիստանի հետ։ Անցած շաբաթ մենք հանդիպել էինք Թաիլանդի վարչապետի [Անութին Չանվիրակունի] հետ, և նա նույնպես բարձրացրել էր Թաիլանդի հետ ազատ առևտրի գոտու հարցը»,- նշել է փոխվարչապետը։

«Այսինքն՝ մենք այժմ մեր հիմնական նպատակը տեսնում ենք Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի հնարավորությունների ընդլայնման մեջ՝ առաջին հերթին, իհարկե, ասիական մայրցամաքի, գլոբալ Հարավի երկրների հետ։ Ահա սա է այսօրվա դրությամբ այն խնդիրը, որը մենք լուծում ենք»,- եզրափակել է նա։