Վերավաճառքի առցանց հարթակներում, դրանց թվում՝ Vinted-ում և eBay-ում, սկսել են հեռացնել կասկածելի հայտարարությունները, երբ կայքերը ողողվել էին ապրանքներով, որոնք ենթադրաբար գողացվել էին Ֆրանսիան պատած անկարգությունների ժամանակ։

Երկրորդային մարքեթփլեյսներում հայտնվել էին օծանելիք, դիզայներական պայուսակներ, կոսմետիկա և նույնիսկ Pokémon-ի կոլեկցիոն քարտեր։ Խանութները թալանվել էին անցած հանգստյան օրերին տեղի ունեցած զանգվածային բախումների ընթացքում, գրում է Telegraph-ը։

Սոցիալական ցանցերում տարածվում են հայտարարությունների սքրինշոթներ, որոնցում ապրանքներն առաջարկվում են իրենց սովորական արժեքի փոքր մասով։ Մասնավորապես, Sephora-ի կոսմետիկայով լցված պայուսակները վաճառվում էին ընդամենը 10 եվրոյով (մոտ 12 ԱՄՆ դոլար)։

Կասկածելի առաջարկները մտահոգություններ են առաջացրել, որ ջարդերի մասնակիցները փորձում են համացանցի միջոցով իրացնել գողոնը։ Vinted-ն ու eBay-ը հեռացրել են հայտարարությունների մի մասը և ուժեղացրել վերահսկողությունը կասկածելի ակտիվության նկատմամբ։

Vinted-ի հայտարարություններից մեկում Sephora-ի վեց շրթներկ փայլ վաճառվում էր 15 եվրոյով, մեկ ուրիշում՝ մաքրող կրեմի վեց տյուբ 12 եվրոյով։ Միևնույն ժամանակ, Sephora France-ի սեփական ապրանքանիշի նմանատիպ շրթներկ փայլերը արժեն մոտ 13 եվրո մեկ հատի համար, ուստի վեցի սովորական գինը կկազմեր մոտ 78 եվրո։

Այլ առաջարկների թվում էին Christian Dior-ի օծանելիքը 250 եվրոյով և օրիգինալ փաթեթավորմամբ կոսմետիկայի մեծ խմբաքանակներ։

Vinted-ում նաև վաճառքի էին հանել Pokémon-ի կոլեկցիոն քարտեր, որոնք, ենթադրաբար, գողացվել էին Լիլում գտնվող խանութից։ Դրանցից մի քանիսի վրա պահպանվել էին սկզբնական գնապիտակները։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարյուրավոր քարտեր ցրվել էին հյուսիսային ֆրանսիական քաղաքի փողոցներում Le Coin des Barons խանութում հրդեհից հետո․ այն մասնագիտացած է կոլեկցիոն քարտերի վաճառքի մեջ։

eBay-ում 1250 եվրոյով վաճառքի էր հանվել նաև մի գավաթ, որը, ենթադրաբար, գողացվել էր ֆրանսիական Team Vitality կիբերսպորտային ակումբից։ Counter-Strike-ի StarLadder մրցաշարի արծաթե գավաթը լուսանկարել էին գրաֆիտիով պատված պատի ֆոնին։ Հայտարարությունն ուղեկցվում էր վերնագրով․ «ԳՈՂԱՑՎԱԾ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ VITALITY CS2 ԳԱՎԱԹ»։

Team Vitality-ում հաստատել են, որ շաբաթ օրը՝ անկարգությունների ժամանակ, իրենց փարիզյան շտաբ-բնակարանը թալանվել է։ Չարագործները գողացել են գավաթներ և համակարգչային սարքավորումներ, ինչպես նաև կոտրել են ցուցափեղկերը։

Կասկածելի հայտարարությունները հայտնվել են Ֆրանսիայում վերջին տարիների ամենալուրջ քաղաքացիական հուզումներից մեկի ֆոնին։ Բողոքի ակցիաները պայմանավորված են կյանքի թանկացմամբ և պետական ծառայությունների որակի վատթարացմամբ առաջացած դժգոհությամբ։

Շաբաթ օրը ցույցերին մասնակցել է ավելի քան 500 հազար մարդ։ Ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել Փարիզում, Մարսելում, Լիոնում և այլ քաղաքներում։ Ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ կիրակի օրվա դրությամբ ձերբակալվել էր ավելի քան 2400 մարդ, գրեթե հազար ոստիկան վիրավորվել էր։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդլայնել է բողոքի ակցիաներն արգելելու իշխանությունների լիազորությունները՝ միաժամանակ ընդունելով, որ հետախուզական ծառայությունները իրավիճակի գնահատման հարցում թույլ են տվել «խափանումներ»։

Անկարգությունները դուրս են եկել Ֆրանսիայի սահմաններից․ կյանքի թանկացման և պետական ծախսերի աճի դեմ ցույցեր են անցկացվել նաև Բելգիայում, Պորտուգալիայում և Իտալիայում։

Ֆրանսիական առևտրային ցանցերը հաշվարկում են վնասները։ Ամենախոշոր սուպերմարկետների ցանց Carrefour-ը հայտնել է 50 խանութում վնասների մասին, որոնցից 20-ը թալանվել են։

«Մենք սրա նկատմամբ զրոյական հանդուրժողականություն ունենք»

Sephora-ն շաբաթ երեկոյան փակել է Ֆրանսիայում իր խանութները և կիրակի դրանք չի բացել՝ մի քանի առևտրային կետերի ջարդուփշուր լինելուց հետո։

Vinted-ում հայտարարել են, որ անհապաղ սկսել են հայտնաբերել և հեռացնել անկարգություններին առնչվող հայտարարությունները։

«Vinted-ում գողացված ապրանքների վաճառքն ու դրանց ձեռքբերման վերաբերյալ հարցումները խստիվ արգելված են։ Մենք նման խախտումների նկատմամբ զրոյական հանդուրժողականություն ունենք»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

Ընկերությունում հավելել են, որ ուժեղացրել են մոնիթորինգը և խախտողների նկատմամբ միջոցներ են ձեռնարկելու՝ մինչև հաշիվների անժամկետ արգելափակում։ Vinted-ը նաև համագործակցում է իրավապահ մարմինների և ֆրանսիական իշխանությունների հետ՝ կասկածելի վաճառողների ինքնությունը պարզելու համար։

eBay-ի ներկայացուցիչը շեշտել է, որ հարթակում գողացված գույքի վաճառքը նույնպես խստիվ արգելված է։

Նա նշել է, որ ընկերությունն օգտագործում է տեխնոլոգիաներ կասկածելի ակտիվությունը հայտնաբերելու համար և հանցագործությունների քննության ընթացքում սերտորեն համագործակցում է ոստիկանության հետ։

«Եթե իրավապահ մարմինները հաստատում են, որ ապրանքը գողացվել է, մենք անմիջապես հեռացնում ենք հայտարարությունը և միջոցներ ձեռնարկում վաճառողի նկատմամբ»,- հայտարարել է eBay-ի ներկայացուցիչը։