Զանգվածային սպանություն է տեղի ունեցել ԱՄՆ Օրեգոն նահանգում, որտեղ գնդակահարել են ռուս էմիգրանտների ընտանիքը:
Ընտանիքի հայր` 27-ամյա Նիկոլայ Լազուկինի մարմինը, գլխին ստացած հրազենային վնասվածքներով, գտել են մայիսի 22-ին, մեքենայի մեջ, Սալեմում գտնվող իր տնից մոտ 130 կմ դեպի հարավ:
Այդ պահին հրշեջները հանգցնում էին Լազուկինների տան հրդեհը: Շուտով այրվող տնից դուրս են բերել Նիկոլայի կնոջ` 26-ամյա Նատալյա Լազուկինայի եւ նրանց դուստրերի` 3-ամյա Անժելիկայի, մեկ տարեկան Զոյայի եւ 4 ամսական Սոֆյայի մարմինները:
Փորձաքննությունը արձանագրել է, որ Նատալյան եւ երկու ավագ դուստրերը գնդակահարվել են, իսկ 4 ամսական փոքրիկը մահացել է ծխի թունավորումից, հաղորդում է NEWSru.com-ը:
Ոստիկանությունում կարծում են, որ Նիկոլայ Լազուկինը սկզբում գնդակահարել է ընտանիքը, այրել տունը, ապա բավական տարածություն հեռանալով տնից, ինքնասպան է եղել:
Միաժամանակ, Սալեմի ռուսական համայնքը չի հավատում ոստիկանության առաջ քաշած այդ վարկածին:
Այս զարհուրելի դեպքից մեկ օր անց քաղաքի ոստիկանությունը Լազուկինի տնից ոչ հեռու հայտնաբերել է 21-ամյա ամերիկացի Դեվին Մեթլոքի մարմինը: Դեռեւս անհայտ է, թե արդյոք երիտասարդի սպանությունն առնչություն ունի Լազուկինների տանը տեղի ունեցածի հետ:




























