Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը (Չինաստանի նախաձեռնությամբ ստեղծված մեխանիզմը — խմբ.) ներկայում գոյություն ունեցող՝ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ աշխատող երեք հիմնադրամներից մեկն է, ընդ որում՝ սա միակ հիմնադրամն է, որը բացառապես կենտրոնացած է Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման վրա։ Դրա մասին հոկտեմբերի 19-ին Երևանում COP17-ի շրջանակում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը։
Նա հիշեցրել է, որ հիմնադրամը ստեղծվել է 2022 թվականին՝ COP-15-ում Չինաստանի նախագահության ընթացքում, և շատ ակտիվ է զարգանում։ Նրա խոսքով՝ մինչև 2024 թվականը Կալիում արդեն հաջողվել է իրականացնել հատկացումների առաջին փուլը, և այժմ այդ աշխատանքը շարունակվում է։ Շոմակերն ընդգծել է, որ նոր տրանշներ են սպասվում թե՛ ընթացիկ համաժողովի ընթացքում, թե՛ այս տարվա ավելի ուշ փուլում։
«Հատկանշական է, որ հիմնադրամի գործունեությունը լիովին համահունչ է Կոնվենցիայի շրջանակում կողմերի ընդունած որոշումներին, և դրա խնդիրը զարգացող երկրներին օգնելն է այդ որոշումների իրականացման գործում։ Սա առաջին հիմնադրամն է, որին, պետական միջոցներից բացի (որոնք տրամադրել է Չինաստանը), հաջողվել է ներգրավել մասնավոր կապիտալ։ Չինական ընկերություններից մեկը հանդես է եկել նախաձեռնությամբ և միացել Չինաստանին՝ որպես առանցքային դոնոր։ Որքանով ինձ հայտնի է, այլ ընկերություններ նույնպես դիտարկում են մասնակցության հնարավորությունը։ Դրանք շատ լավ նորություններ են»,- նշել է նա։




























