38-ամյա Դավիդ Ռեգերը մարդանման ռոբոտների կայսրություն է կառուցում, որոնք կկարողանան աշխատել գործարաններում, սովորել նոր առաջադրանքներ և փոխանակվել հմտություններով։ Նրա Neura Robotics ընկերությունը ներդրողներից, դրանց թվում՝ Nvidia, Amazon և Tether-ից, ներգրավել է մինչև 1,4 միլիարդ դոլար, իսկ հենց ձեռնարկատիրոջն արդեն կարելի է անվանել ռոբոտատեխնիկայի նոր միլիարդատեր, գրում է Forbes-ը։

Ստարտափը հիմնադրվել է 2019 թվականին գերմանական Մեցինգենում՝ մի տարածաշրջանում, որտեղ ծնվել են արդյունաբերական հսկաներ Mercedes-Benz-ը, Porsche-ն և Bosch-ը։ Ռեգերը ցանկանում է Neura-ն վերածել «ֆիզիկական արհեստական բանականության Apple»-ի. ընկերությունը մշակում է ոչ միայն ռոբոտներ, այլև դրանց կառավարման ծրագրային ապահովում։

Վերջին ներդրումային փուլի ավարտից հետո Neura-ի արժեքը հասել է մոտ 7 միլիարդ դոլարի։ Ռեգերին պատկանում է ընկերության մոտ 20%-ը՝ գրեթե 1,5 միլիարդ դոլար գնահատվող մասնաբաժին։

Ռոբոտները կսովորեն հատուկ կենտրոններում

Նախագծի գլխավոր առանձնահատկությունը ռոբոտների համար նախատեսված այսպես կոչված «մարզասրահներն» են։ Ընկերությունները կկարողանան այնտեղ վարձակալել հատուկ հարթակներ և մեքենաներին կատարել կոնկրետ առաջադրանքներ սովորեցնել։ Ստացված հմտությունները կպահպանվեն Neuraverse ամպային համակարգում, որպեսզի դրանք հնարավոր լինի փոխանցել այլ ռոբոտների կամ նույնիսկ վաճառել այլ ձեռնարկությունների։

Մյունխենի օդանավակայանում կենտրոն ստեղծելու համար Neura-ն և նրա գործընկերները 19 միլիոն դոլար են հատկացրել։ Հարթակն արդեն գործում է, իսկ որոշ հաճախորդներ միանգամից ամրագրում են 20 ուսումնական բջիջ մեկ տարով և ավելի։ 2026 թվականի վերջում ընկերությունը նախատեսում է գործարկել հինգ նման կենտրոն Գերմանիայում, Չինաստանում և ԱՄՆ-ում, ևս տասը գտնվում են մշակման փուլում։

Ըստ Ռեգերի՝ պահանջարկը հսկայական է. վերջին մեկ տարվա ընթացքում ընկերության հետ կապվել են 12 հազար ձեռնարկություն, որոնք առաջին հերթին հետաքրքրված են հումանոիդներով։ Սակայն առայժմ Neura-ն կարող է ռոբոտներով ապահովել ընդամենը մոտ 100 հաճախորդի։

Ռոբոտի համար՝ 110 հազար դոլարից մինչև 5 միլիոն մեքենայի հավակնություններ

Neura-ի նորագույն Gen 3.5 հումանոիդն արժե մոտ 110 հազար դոլար, թեև 20 և ավելի սարք գնելու դեպքում գինը կարող է իջնել և հասնել մինչև 62 հազար դոլարի մեկ միավորի համար։ Ռեգերը պնդում է, որ մինչև 2030 թվականը ընկերությունը կկարողանա մատակարարել 5 միլիոն ճանաչողական ռոբոտ։

Առայժմ այս ծրագրերը բավականին հավակնոտ են թվում։ Անցյալ տարի ամբողջ աշխարհում վաճառվել է ընդամենը մոտ 7000 լիաչափ հումանոիդ, և դրանցից շատերը գնվել են տվյալներ հավաքելու և արհեստական բանականությունն ուսուցանելու համար, այլ ոչ թե իրական աշխատանքի։

Neura-ն արդեն նաև հրապարակային անհաջողություններ է ունեցել։ 2025 թվականին 4NE1 մոդելի շնորհանդեսի ժամանակ ընկերությունը ցուցադրել էր անշարժ նախատիպ։ 2026 թվականի հունիսին թարմացված ռոբոտը Թայբեյում տեխնոլոգիական ցուցահանդեսի բեմ դուրս եկավ սարքավորումներով սկուտեղը ձեռքին, սակայն շուտով ընկավ։ Qualcomm-ում միջադեպը բացատրեցին կապի խափանմամբ, որն ակտիվացրել էր անվտանգ ընկնելու համակարգը։

Միևնույն ժամանակ չինական արտադրողները գրավում են շուկան։ Smart Analytics Global հետազոտական ընկերության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին շանհայյան AgiBot-ին բաժին է ընկել հումանոիդների համաշխարհային մատակարարումների մոտ 44%-ը։ Ամերիկյան մրցակիցները նույնպես մեծացնում են արտադրությունը, թեև նման մեքենաների լայն գործնական կիրառումը դեռևս սահմանափակ է։

Գերմանիան պատրաստվում է աշխատուժի պակասին

Ռեգերը խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ ռոբոտացումը տնտեսության համար կդառնա անհրաժեշտություն։ Գերմանական տնտեսական ինստիտուտի գնահատմամբ՝ մինչև 2036 թվականը Գերմանիայի աշխատուժը կարող է կրճատվել մոտ 4,3 միլիոն մարդով՝ բեյբի բումերների սերնդի կենսաթոշակի անցնելու պատճառով։

Ձեռնարկատերը կարծում է, որ Եվրոպան պետք է ինքնուրույն ստեղծի տեխնոլոգիաներ, որոնցից կախված կլինի իր ապագան, այլ ոչ թե ապավինի արտասահմանյան մատակարարներին։

«Եվրոպան չի կարողանա պահպանել իր բարեկեցությունը, սոցիալական համակարգերն ու նշանակությունն աշխարհում, եթե պարզապես սպառի հաջորդ սերնդի տեխնոլոգիաներ, որոնք ստեղծվել են մեկ այլ տեղում»,- ասում է նա։

Այնուամենայնիվ, Neura-ի ճանապարհին լուրջ խոչընդոտներ կան՝ ռոբոտների բարձր արժեքը, դրանց կիրառման դեռևս սահմանափակ հնարավորությունները և առևտրային արգելքները։ Ընկերությունը նախատեսում է զարգացնել արտադրությունը Դետրոյթում և հույս ունի սկսել անիվավոր ռոբոտների ու հումանոիդների արտադրությունը ԱՄՆ-ում 2027 թվականին։

Ռեգերը երազում է ստեղծել մի ճյուղ, որը մի օր ավելի մեծ կլինի, քան ավտոմոբիլային արդյունաբերությունը։ Իսկ առայժմ նրա գլխավոր մարտահրավերն ապացուցելն է, որ մարդանման մեքենաները կարող են ոչ միայն տպավորել շնորհանդեսների ժամանակ, այլև հուսալիորեն աշխատել իրական աշխարհում։