Իսրայելում խորհրդարանական ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփի աջակցությունը Բենիամին Նեթանյահուին անակնկալ է դարձել անգամ երկրում աշխատող ամերիկացի դիվանագետների համար։ Մինչև վերջին պահը ԱՄՆ նախագահը չէր հասկացնում՝ արդյոք մտադի՞ր է միջամտել ընտրարշավին, որտեղ, ըստ հարցումների, Նեթանյահուն կարող է փոքր տարբերությամբ կորցնել իշխանությունը։
«Թրամփի աջակցությունը մեզ անակնկալի բերեց։ Ոչինչ չէր հուշում, որ նա պատրաստվում է նման հայտարարությամբ հանդես գալ, անգամ հրապարակումից քիչ առաջ։ Բայց Թրամփը Թրամփ է», -The Telegraph-ին պատմել է բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը։
Կիրակի Թրամփը Truth Social-ում հրապարակել է գրառում, որտեղ Նեթանյահուին անվանել է «մեծ ռազմիկ-վարչապետ» և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պայքարում խաղաղություն հաստատելու հարցում՝ առավել ևս ակնառու գործընկեր։ Դիմելով իսրայելցի ընտրողներին՝ ԱՄՆ նախագահը մեծատառերով գրել է. «ՆԱ ԵՐԲԵՔ ՁԵԶ ՉԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆԻ»։
Թրամփը միաժամանակ պաշտպանել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ռազմական արշավը՝ հայտարարելով, որ այդ երկիրը «համակարգված կերպով կործանվել է՝ թե՛ ռազմական, թե՛ ֆինանսական առումով»։ Նրա կարծիքով՝ եթե Թեհրանը չփոխի իր կուրսը, ԱՄՆ-ը շուտով «ավարտին կհասցնի սկսածը»։
«Եթե Իսրայելն ունենա սխալ առաջնորդ՝ այսինքն Բիբիից բացի ցանկացած մեկը, Ամերիկան ստիպված կլինի այդ աշխատանքը կատարել ինքնուրույն, իսկ ես դրան հակված չեմ»,- գրել է Թրամփը։
Շուտով Նեթանյահուն X սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին «հսկայական աջակցության և համագործակցության» համար։
«Միասին մենք կավարտենք առաքելությունը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Որոշ վերլուծաբաններ Թրամփի հայտարարությունը գնահատել են որպես Իրանի հետ պատերազմը վերսկսելու պատրաստակամության հնարավոր ազդանշան։
«Ոմանք իսկապես այն հենց այդպես էլ ընկալում են»,- The Telegraph-ի հետ զրույցում նշել է իսրայելցի քաղաքական վերլուծաբան Դալիա Շեյնդլինը։
Սակայն, ըստ նրա, հայտարարությունն առաջին հերթին վկայում է Թրամփի՝ այլ երկրների ներքին քաղաքականությանը բացահայտ միջամտելու պատրաստակամության, ինչպես նաև այն փաստի մասին, որ Նեթանյահուն պատրաստակամորեն ընդունում է նման աջակցությունը, թեև նախկինում հրապարակավ հանդես էր գալիս նման միջամտության դեմ։
«Այս առաջնորդներից ոչ մեկը անհրաժեշտ չի համարում հետևել հետևողական սկզբունքների»,- հավելել է փորձագետը։
Ամերիկյան և իսրայելական լրատվամիջոցներում հայտնվել են Թրամփի և Նեթանյահուի հեռախոսազրույցների մասին հակասական հաղորդումներ։ Որոշ տվյալներով՝ Իսրայելի վարչապետն ԱՄՆ նախագահին համոզում էր միանալ Իրանի դեմ նոր ավիահարվածներին։ Նեթանյահուի ընդդիմախոսները ևս նրան մեղադրում են նրանում, որ նա կարող է նոր պատերազմ սկսել՝ ընտրություններում պարտությունից խուսափելու համար։
Ըստ Իսրայելի ժողովրդավարության ինստիտուտի հարցման՝ հարցվածների կեսը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարևոր գործոն է համարել առաջիկա ընտրություններում կուսակցություն ընտրելիս։
«Թրամփի աջակցությունը հսկայական նշանակություն ունի»
Քաղաքական հաղորդակցությունների փորձագետ Շայ Բազակը, որը նախկինում Նեթանյահուի առաջին վարչապետության ընթացքում եղել է նրա խորհրդականը, ԱՄՆ նախագահի հայտարարությունն անվանել է «շատ լուրջ իրադարձություն»։ Ավելի ուշ Բազակը զբաղեցրել է Իսրայելի գլխավոր հյուպատոսի պաշտոնը Մայամիում և Բոստոնում։
«ԱՄՆ-ն ընկալվում է որպես Իսրայելի անփոխարինելի դաշնակից և ավագ գործընկեր։ Շատ իսրայելցիներ գնահատում են Թրամփին, քանի որ նրա քաղաքականությունը համարում են հատկապես բարեկամական Իսրայելի նկատմամբ»,- նա հայտարարել է The Telegraph-ին։
Միևնույն ժամանակ նույնիսկ Բազակին զարմացրել է հայտարարության հրապարակման ժամանակը։
Դրանից ընդամենը մեկ օր առաջ Թրամփի վարչակազմի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ անսովոր կոշտ քննադատությամբ էին հանդես եկել Հորդանան գետի Արևմտյան ափին արմատական իսրայելցի վերաբնակիչների կողմից գործադրվող բռնության կապակցությամբ։
Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին և պետքարտուղար Մարկո Ռուբիոն իսրայելական իշխանություններին կոչ են արել ավելի վճռականորեն կանխել վերաբնակիչների հարձակումները։
Հաքաբին դատապարտել է ամերիկացի ֆոտոլրագրող Հայդի Լևինի վրա հարձակումը՝ այն անվանելով «զազրելի ահաբեկչական ակտ, որը կատարել են դիմակավորված վախկոտները»։ Նա պահանջել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել, ձերբակալել մեղավորներին և նրանց դատի տալ՝ ընդգծելով, որ հարձակվողները պետք է տարիներ անցկացնեն ճաղերի հետևում։
Ռուբիոն ևս կոշտ հայտարարությամբ է հանդես եկել. «Մենք Իսրայելին կոչ ենք արել և շարունակում ենք կոչ անել վճռական քայլեր ձեռնարկել»։
Վերաբնակիչների բռնության սուր քննադատության ֆոնին Նեթանյահուին Թրամփի ցուցաբերած աջակցությունը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել իսրայելական ընդդիմության համար։ Նրա ներկայացուցիչները պնդում են, որ վարչապետի քաղաքականությունը վնասում է Վաշինգտոնի հետ հարաբերություններին։
Թրամփի հայտարարությունից քիչ առաջ իսրայելական քաղաքականության ծագող աստղ Յոնաթան Շալևը The Telegraph-ին ասել է, որ Նեթանյահուի կառավարության գործողությունները Իսրայելին հեռացնում են ԱՄՆ-ից։
«Ներկայիս կառավարության քաղաքականության ամենակործանարար հետևանքներից մեկը Իսրայելի աճող միջազգային մեկուսացումն է։ Իմ սերունդը պարտավոր է երկրին վերադարձնել աշխարհում արժանի տեղը։ Մենք ուզում ենք, որ ամերիկացիներն Իսրայելում տեսնեն ժամանակակից, ժողովրդավարական և նորարարական երկիր»,- ասել է նա։
Շալևն ընդամենը 23 տարեկան է, և գրեթե երաշխավորված է, որ հոկտեմբերի 27-ի ընտրություններում նա տեղ կստանա Կնեսետում՝ պոտենցիալ կերպով դառնալով Իսրայելի խորհրդարանի պատմության ամենաերիտասարդ պատգամավորը։
Նա զբաղեցնում է անցողիկ տեղ «Բեյահադ» դաշինքի ցուցակում՝ եբրայերենից թարգմանաբար «Միասին»,- որը գլխավորում են նախկին վարչապետներ Նաֆթալի Բենեթը և Յաիր Լապիդը։
Առաջին հայացքից Թրամփի հրապարակային աջակցությունը Նեթանյահուի համար դարձել է լուրջ առավելություն։ Ըստ Շեյնդլինի՝ դա ԱՄՆ նախագահի կողմից աննախադեպ կերպով ուղիղ և միանշանակ հավանություն է։
Սակայն, ինչպես նշել է վերլուծաբանը, վերջին երկու տարիներին վարչապետի դիրքերը գրեթե չեն փոխվել․ նրա կոալիցիայի ընդհանուր աջակցությունն այս ամբողջ ընթացքում հարցումներում մնացել է խորհրդարանական մեծամասնության համար անհրաժեշտ մակարդակից զգալիորեն ցածր։ Վերջին հետազոտությունները նույնպես էական բարելավում չեն ցույց տալիս։
Շեյնդլինի կարծիքով՝ Թրամփի մեկ հայտարարությունը սոցիալական ցանցերում հազիվ թե բավարար լինի Նեթանյահուի հետ մնալը փոխհատուցելու համար։ Այն նաև չի վերացնում ընթացիկ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերություններում հրապարակայնորեն քննարկված տարաձայնություններն ու հակասությունները։
Ընդդիմությունը կշարունակի ընտրողներին հիշեցնել, որ Նեթանյահուին չհաջողվեց Թրամփի հետ հանդիպում ապահովել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա կատարած այցի ընթացքում, որ Վաշինգտոնը ձգտում էր Իրանում և Լիբանանում հրադադարի, ինչպես նաև այն, որ ԱՄՆ նախագահը, քննադատների գնահատմամբ, իսրայելցի վարչապետին թույլ է տալիս գործել սեփական հայեցողությամբ։
Բացի դրանից, Նեթանյահուի ընդդիմախոսները կմատնանշեն վերջին շրջանում Իսրայելի դեմ 12 երկրների սահմանած պատժամիջոցները և կզգուշացնեն հետագա միջազգային մեկուսացման վտանգի մասին։





























