Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցվող նոր ռազմական հարվածի դեպքում աշխարհը կբախվի լուրջ էներգետիկ ճգնաժամի։ Նրա պնդմամբ՝ Իրանի հրթիռային և անօդաչու հնարավորությունները աճել են մեկուկես անգամ, իսկ Թեհրանը տիրապետում է այնպիսի սպառազինության, որը դեռ չի կիրառել։
Tehran Times-ին տված հարցազրույցում Մոհեբբին հայտարարել է, որ չի բացառում Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև նոր սրացումը, սակայն կարծում է, որ Վաշինգտոնը թուլացած է նախորդ ռազմական գործողություններից և ի վիճակի չէ հասնելու իր առջև դրված նպատակներին։
Ըստ ԻՀՊԿ-ի ներկայացուցչի՝ տարածաշրջանում ամերիկյան բազաները կորուստներ են կրել, իսկ ԱՄՆ-ի ռազմական նավերը հեռացել են Հորմուզի նեղուցից։ Միևնույն ժամանակ նա ենթադրել է, որ Վաշինգտոնը կարող է սահմանափակ գործողություն ձեռնարկել՝ ԱՄՆ-ում ընտրություններին ընդառաջ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։
Մոհեբբին զգուշացրել է, որ նոր հարձակման դեպքում հետևանքները կազդեն ոչ միայն հակամարտության կողմերի վրա։ Նա նշել է, որ Իրանը դեռ չի գործի դրել իր բոլոր հնարավորությունները, իսկ լարվածության հետագա սրումը կարող է հանգեցնել լուրջ էներգետիկ ճգնաժամի ամբողջ աշխարհում։ Հատուկ խոցելիությունը նա կապել է Եվրոպայում ցուրտ եղանակի մոտեցման հետ, երբ աճում է ջեռուցման համար վառելիքի պահանջարկը։
ԻՀՊԿ-ի ներկայացուցիչը միաժամանակ հերքել է այն պնդումները, ըստ որոնց իրանցի զինվորականներն ինքնուրույն, առանց հրամանատարության հետ համաձայնեցման, հուլիսի 7-ին հարձակվել են նավթային լցանավերի վրա և այդպիսով տապալել Իսլամաբադում կնքված փոխըմբռնման հուշագիրը։ Նրա վարկածով՝ համաձայնագիրը առաջինը խախտել է Վաշինգտոնը, մասնավորապես՝ փոխելով Հորմուզի նեղուցով նավերի անցման կարգը։ Մոհեբբին հայտարարել է, որ իրանական ուժերի գործողությունները համաձայնեցված են եղել հրամանատարության հետ և պատասխան են դարձել ԱՄՆ-ի կողմից թույլ տրված խախտումներին։
Նա ընդգծել է նաև, որ Իրանի «խճանկարային պաշտպանությունը»՝ համակարգ, որը նախատեսում է լիազորությունների փոխանցում այլ հրամանատարների՝ ղեկավարների զոհվելու կամ կապի կորստի դեպքում, չի նշանակում կարգապահության բացակայություն կամ ստորաբաժանումների ինքնակամ գործողություններ։
Խոսելով երկրի ռազմական ներուժի մասին՝ Մոհեբբին պնդել է, որ հրթիռների և անօդաչուների արտադրությունը չի դադարել նույնիսկ պատերազմի ընթացքում։ Նրա գնահատմամբ՝ Իրանն ընդլայնել է արտադրական հզորությունները, բարձրացրել է սպառազինության ճշգրտությունն ու կործանարար ուժը, մեծացրել է դրանց գործողության շառավիղը և մշակել նոր համակարգեր։ Նա հավելել է, որ Թեհրանը հակամարտության սկզբնական փուլերում չի օգտագործում իր ամբողջ առկա սպառազինությունը։
Մոհեբբին միաժամանակ Պարսից ծոցի երկրներին կոչ է արել վերանայել իրենց հարաբերությունները Վաշինգտոնի հետ՝ հայտարարելով, որ ամերիկյան ռազմական բազաները չեն ապահովում նրանց անվտանգությունը, այլ, ընդհակառակը, տարածաշրջանը ենթարկում են լրացուցիչ ռիսկերի։ Նրա կարծիքով՝ տարածաշրջանի պետությունները պետք է զարգացնեն սեփական կոլեկտիվ անվտանգության մեխանիզմները՝ առանց արտաքին միջամտության։
Առանձին ԻՀՊԿ-ի ներկայացուցիչն ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձի հրապարակումը բացատրել է ԱՄՆ քաղաքացիներին Թեհրանի դիրքորոշումը հասցնելու ձգտմամբ։ Նա պնդել է, որ ամերիկացիները կրում են Վաշինգտոնի արտաքին քաղաքականության ֆինանսական ծախսերը, մինչդեռ դրա օգուտները բաժին են հասնում քաղաքական և տնտեսական էլիտաներին։





























