Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռազմավարական համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանում և միջազգային հարթակում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։

Փեզեշքիանն ընդգծել է Թեհրանի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը արագացնելու անհրաժեշտությունը։ Նախագահի գնահատմամբ՝ երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացումը հիմնված է բազմակողմ մոտեցման և ընդհանուր շահերի վրա։

Համագործակցության առաջնահերթ ուղղությունների շարքում իրանցի առաջնորդը նշել է էներգետիկան, տրանսպորտը, առևտուրը և էլեկտրաէներգետիկան։ Նա նշել է, որ Իրանը և Ռուսաստանը, հենվելով ընդհանուր ներուժի վրա և օգտագործելով տարածաշրջանային ու միջազգային մեխանիզմները, կարող են նշանակալի դեր խաղալ խաղաղության, կայուն անվտանգության և բազմակողմ աշխարհակարգի ամրապնդման գործում։

Փեզեշքիանը հայտնել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մշտական խորհրդակցությունների ընթացքում կողմերն ակտիվորեն մշակում են երկկողմ պայմանավորվածությունների իրականացման հարցերը, դրանց կատարման ծրագրերը և համատեղ համագործակցության ընդլայնումը։

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Մոսկվա նախատեսվող այցը հնարավորություն կտա արագացնել ձեռք բերված համաձայնությունների գործնական իրականացումը և հասնել կոնկրետ արդյունքների համաձայնեցված ոլորտներում։