Ընտրություններից մի քանի օր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության ղեկավարի աշխատակազմում հավաքել է դիվանագիտական թղթակիցներին՝ ներկայացնելու իր քաղաքականությունն ազգային անվտանգության ոլորտում: Ինչպես հաղորդում է Israel Today-ը, այն ներառում է 11 հիմնական սկզբունք.

1. Ռազմական գերազանցություն։ Իսրայել պետությունը միշտ պետք է մեկ քայլ առաջ լինի իր հակառակորդներից: Այն չպետք է սահմանափակվի թշնամու հարձակումների և ռազմական ներուժի աճի զսպմամբ: Իսրայելը պարտավոր է ապահովել կարողությունների գերազանցություն իր բոլոր թշնամիների նկատմամբ և չապավինել հակառակորդների ու բարեկամների մտադրություններին, որոնք կարող են փոխվել:

2. Միջուկային զենքի հայտնվելու կանխում, այդ թվում՝ նախահարձակ կանխարգելիչ գործողությունների միջոցով:

3. Զսպում։ Անհրաժեշտ է իրական սպառնալիք ստեղծել հակառակորդի համար՝ պահպանելով ճշգրիտ և մասշտաբային հարվածներ հասցնելու, ինչպես նաև ռազմական ու քաղաքացիական համակարգերը շարքից հանելու և դրանց աշխատանքը խաթարելու կարողությունը:

4. Վաղ նախազգուշացում։ Պետք է ստանալ և պահպանել հակառակորդի կարողությունների ու մտադրությունների վերաբերյալ մշտական և արդյունավետ հետախուզական պատկեր՝ հանկարծակի հարձակումը բացառելու համար:

5. Նախաձեռնություն, ոչ ստանդարտ լուծումներ և քննադատական մոտեցում։ Այս սկզբունքները անհրաժեշտ է զարգացնել Իսրայելի պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ) և անվտանգության բոլոր ծառայություններում, այդ թվում՝ ապահովել պատրաստվածություն հանկարծակի կանխարգելիչ հարվածի համար: Որպես օրինակներ՝ Նեթանյահուն բերել է «Հըզբոլլահի» դեմ փեյջերներով գործողությունը և Հասան Նասրալլահի նույնականացումն ու ոչնչացումը:

6. Պաշտպանություն։ Խոսքը վերաբերում է սահմաններին ներխուժումների կանխմանը, անհրաժեշտության դեպքում բուֆերային գոտիների ստեղծմանը, թիկունքի պաշտպանությանը արտաքին և ներքին հարձակումներից, հանկարծակի հարձակումներին ու անօդաչու թռչող սարքերի սպառնալիքին դիմակայելու պատրաստվածության ապահովմանը, ինչպես նաև պատերազմին մշտական պատրաստ լինելուն:

7. Դաշինքներ։ Իսրայելը պետք է օգտագործի իր նշանակությունը որպես ռազմավարական ակտիվ՝ տարածաշրջանային և միջազգային ալյանսներ զարգացնելու համար: Նեթանյահուն ընդգծել է, որ պատերազմի ընթացքում Իսրայելի ձեռքբերումների շնորհիվ տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող տարբեր երկրներ ձգտում են նրա հետ դաշինքներ կնքել:

Այդ համատեքստում նա հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է, երբ խոսում է Աբրահամյան համաձայնագրերի՝ օրակարգ վերադառնալու մասին:

«Դուք լսում եք մեկ կամ երկու երկրի մասին, բայց սա միայն սառցաբեկորի գագաթն է»,- ասել է վարչապետը:

Նեթանյահուն հրաժարվել է հստակեցնել, թե ինչ օգնություն է Իսրայելը ցուցաբերել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում:

«Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ կան, որոնք դիմում են մեզ: Ես չեմ խորանա մանրամասների մեջ: Բայց մի բան տեղի չի ունենա. մենք պաղեստինյան պետություն չենք ստեղծի: Մենք ինքնասպանություն չենք գործի հանուն մի համաձայնագրի հասնելու, որը մեզ կհասցնի անդունդի եզրին»,- հայտարարել է նա:

8. Տեխնոլոգիաներ և ռազմական ներուժի անկախ աճ։ Իսրայելը պետք է կրճատի կախվածությունը արտաքին գործընկերներից, ամրապնդի զինված ուժերի ավելացման, հետազոտությունների ու մշակումների անցկացման, ինչպես նաև երկրի ներսում սպառազինությունների արտադրության սեփական կարողությունները: Բացի դրանից, անհրաժեշտ է հասնել համաշխարհային տերության մակարդակի առանցքային տեխնոլոգիական ոլորտներում, ներառյալ քվանտային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և տիեզերքը, ինչպես նաև էապես ավելացնել պաշտպանական բյուջեն՝ հասցնելով մինչև 450 միլիարդ շեքելի:

«Մենք մասնակցում ենք ուղղակի տեխնոլոգիական մրցավազքի և պետք է առաջատար լինենք դրանում»,- ընդգծել է Նեթանյահուն:

Նա նշել է, որ Իսրայելը չի ցանկանում նորից հայտնվել այն իրավիճակում, որում գտնվում էր նախագահ Ջո Բայդենի օրոք, երբ երկրի դեմ սպառազինության մատակարարման էմբարգո էր մտցվել:

9. Պայքար գիտակցության համար։ Իսրայելը պետք է զարգացնի հնարավորությունները, այդ թվում՝ արհեստական բանականության հիման վրա, Իրանի և այլ թշնամական պետությունների դեմ ճանաչողական պայքար մղելու, ինչպես նաև միջազգային ասպարեզում հակասիոնիզմին ու հակասեմիտիզմին հակազդելու համար:

10. Հաղթանակ։ Անհրաժեշտ է կոտրել հակառակորդի ռազմական ուժը և նրա հավատը իրական սպառնալիք ներկայացնելու ունակության նկատմամբ: Դրա համար պետք է գործադրել նշված բոլոր սկզբունքները:

11. Ազգային ոգի։ Խոսքը ազգային միասնության և հիմնարար հարցերի շուրջ համաձայնության մասին է: Առաջին հերթին դա Իսրայելը որպես հրեա ժողովրդի ազգային պետություն ճանաչելն է, հավատարմությունը դեմոկրատական կառավարմանը, երկրի անվտանգության համար պայքարելու պատրաստակամությունը և հաղթանակի ձգտումը, ինքնուրույն մտածողության խրախուսումը, Իսրայելի Հողի բնակեցումը և իսրայելական ժառանգության պահպանումը, հրեական սփյուռքի հետ կապերի պահպանումը և ալիային՝ հրեաների հայրենադարձությանը նպաստելը:

Նեթանյահուն ընդգծել է, որ հասարակությունն ավելի քիչ է պառակտված, քան ընդունված է կարծել, և որ իսրայելցիներն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան կարող է թվալ:

Ինչպես հայտարարել է Նեթանյահուն, պատերազմը, որը նա անվանել է «Փրկության պատերազմ», պահանջել է ազգային անվտանգության ավանդական հայեցակարգի հիմնարար սկզբունքների վերանայում: Նոր առաջնահերթությունների թվում են՝ սպառնալիքների կանխարգելման և հարձակողական գործողությունների նախապատվությունը զսպմանն ու պաշտպանությանը (ներառյալ ձևավորվող սպառնալիքների չեզոքացման համար կանխարգելիչ հարվածները), թիկունքի պաշտպանության ուժեղացումը հարձակման նոր տեսակներից, Իսրայելի կարգավիճակի ամրապնդումը որպես տարածաշրջանային տերություն, ռազմամթերքի արտադրության մեջ առավելագույն անկախության հասնելը, առավել առաջատար ոլորտներում տեխնոլոգիական գերազանցության պահպանումը, ինչպես նաև ամբողջ աշխարհում հակասեմիտիզմի ալիքների դեմ պայքարի ուժեղացումը:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, հնարավորություններ են առաջացել տարածաշրջանում և դրանից դուրս նոր դաշինքներ ձևավորելու համար:

Սպառնալիքներ Իսրայելին

Նեթանյահուն ներկայացրել է հիմնական սպառնալիքները, որոնց Իսրայելը բախվում է սպառազինությունների և ռազմական տեխնոլոգիաների ոլորտում: Դրանց թվում են՝ միջուկային զենքը, անօդաչու թռչող սարքերը (որոնք արձակվում են ինչպես արտաքինից, այնպես էլ հենց Իսրայելի տարածքից, ներառյալ Հուդան և Սամարիան), ճշգրիտ հրթիռները, կիբեռսպառնալիքները, արհեստական բանականությունը և քվանտային տեխնոլոգիաները, որոնք պոտենցիալ ունակ են կաթվածահար անել երկիրը:

Նա նաև հիշատակել է Իսրայելի ներսում գտնվող ապօրինի զենքերը, անօդաչու ստորջրյա և թռչող ապարատները, ինչպես նաև սպառազինության արագընթաց զարգացումը: Մասնավորապես, Նեթանյահուն պատմել է անօդաչու մեքենաների նոր սպառնալիքի մասին, որոնք ունակ են խլուրդների նման ճանապարհ հարթել գետնի տակով:

Վարչապետը հայտնել է, որ հատուկ խումբ է ստեղծել անօդաչու սարքերի սպառնալիքին հակազդելու համար:

Ինչ վերաբերում է այն ուղղություններին, որոնցից բխում են սպառնալիքները, ապա որպես հիմնական նա նշել է Իրանի շիական առանցքը և «Մահմեդական եղբայրների» առանցքը՝ Թուրքիայի գլխավորությամբ, այս երկու առանցքների հնարավոր միավորումը, ահաբեկչությունը և ներքին անվտանգության սպառնալիքները, Իսրայելին լեգիտիմությունից զրկելու և դաշնակիցներից մեկուսացնելու փորձերը, ինչպես նաև սպառնալիքները հյուսիսային, արևելյան և արևմտյան սահմաններում:

Ըստ Նեթանյահուի՝ դա նշանակում է երկրի բոլոր սահմանները հերմետիկ փակելու անհրաժեշտություն:

«Դուք ուզում եք Իսրայելը վերածել ամրոցի։ Անհրաժեշտ է վերահսկել բոլոր սահմանները»,- ընդգծել է նա։

Նեթանյահուն հայտնել է, որ երեք շաբաթ առաջ ՑԱԽԱԼ-ը նրան է ներկայացրել գործողությունների ծրագիր այն դեպքի համար, եթե Պաղեստինի ազգային վարչության (ՊԱՎ) ուժերը զենքն ուղղեն Իսրայելի դեմ: Ծրագրի էությունն այն է, թե ինչպես վճռականորեն արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը՝ գրավել և ոչնչացնել սպառնալիք ներկայացնող բոլոր կենտրոնները:

Վարչապետը հայտարարել է նաև, որ տարածաշրջանի երկրների մեծ մասը ծայրաաստիճան մտահոգված է երկու առանցքների հնարավոր միավորմամբ, և որ հենց այս ֆոնին էլ հենց հիմա տարածաշրջանում ձևավորվում են նոր դաշինքներ:

Իրան

Խոսելով Իրանի մասին՝ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վերացրել է Թեհրանի մոտ ատոմային ռումբերի հայտնվելու սպառնալիքը, սակայն Իրանը համեմատել է քաղցկեղային ուռուցքի հետ, որը շարունակում է մետաստազներ տարածել:

Նա նշել է, որ Իրանը, ՀԱՄԱՍ-ը և «Հըզբոլլահը» ներկայում զսպված են և չեն հարձակվում Իսրայելի վրա, չնայած նրան, որ Իրանը հարվածներ է հասցնում տարածաշրջանի այլ երկրներին:

«Մեր զսպումն աշխատում է, բայց մենք չենք կարող հենվել դրա վրա,- ասել է նա։- Դա չի նշանակում, որ Իրանը չի փորձի հարձակվել մեզ վրա մինչև ընտրությունները։ Դա որոշակիորեն ժամանակավոր հաղթանակ է։ Մեզ ստիպված ենք լինելու դեռ շատ տարիներ ապրել թուրը ձեռքներիս, և կարևոր է, որ այդ թուրը մնա սուր»։

«Ամենակարևորը իրանական վարչակարգը տապալելն է, որից հետո նրա բոլոր պրոքսի-ուժերը կփլուզվեն դոմինոյի քարերի նման: Քանի դեռ այդ վարչակարգը գոյություն ունի, այն փորձելու է վերսկսել միջուկային ծրագիրը, հրթիռների արտադրությունը և իր առանցքի գործունեությունը:

Իրանում տնտեսական իրավիճակը չափազանց ծանր է, և արդեն ի հայտ են գալիս բողոքի առաջին ծիլերը: Վարչակարգը տապալելու մեր ծրագիրը համապարփակ է և վճռական: Հենց այդպիսի կարգադրություն եմ տվել անվտանգության բոլոր ծառայություններին: Մենք հսկայական հաղթանակի շեմին ենք»,- հայտարարել է վարչապետը:

Թրամփ, Թուրքիա և Պուտին

Խոսելով Թրամփի հետ համագործակցության մասին՝ Նեթանյահուն հայտարարել է. «Մենք հիանալի աշխատել ենք Թրամփի հետ և կշարունակենք դա անել: Նպատակները, որոնք ես ներկայացնում եմ, կախված չեն ԱՄՆ-ի համաձայնությունից: Միջուկային սպառնալիքը վերացնելու անհրաժեշտությունն ունի ինքնուրույն նշանակություն, և եթե պահանջվի, մենք դա կանենք ինքնուրույն»:

Մեկնաբանելով Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը՝ վարչապետն ընդունել է, որ այդ հարցը տարաձայնությունների առարկա է իր և Թրամփի միջև: «Ես մնում եմ իմ կարծիքին: Թուրքիան ցանկանում էր մտնել Հյուսիսային Սիրիա, և մենք խանգարեցինք նրան: Ես ուրախ կլինեի Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունների վերականգնման համար, բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա Էրդողանի օրոք, որը խոսում է Իսրայելը ոչնչացնելու մասին: Հույս ունեմ՝ չենք հասնի ուղղակի բախման»,- հայտարարել է Նեթանյահուն:

Առանց կոնկրետ երկիր անվանելու՝ նա հավելել է. «Մենք պատրաստվում ենք տարբեր սցենարների, այդ թվում՝ դաշինքների ստեղծմանը այն երկրների հետ, որոնք նմանապես են գնահատում սպառնալիքը»:

Պատմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների մասին՝ Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը ռուսական կողմին մտահոգություն է հայտնել Ռուսաստանում Իսրայելի դեմ արշավներ վարելու համար բոտերի օգտագործման վերաբերյալ:

Նա նշել է նաև, որ ռուսական տվյալների մշակման կենտրոնի վրա ուկրաինական հարձակումից հետո սոցիալական ցանցերում հակաիսրայելական և պաղեստինամետ արտահայտությունների ծավալը կրճատվել է 60%-ով: