ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինպինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման։ Ըստ նրա՝ բանակցությունների գլխավոր թեման կարող է լինել միջուկային զինաթափումը։
«Մենք այդ հանդիպումը կանցկացնեինք՝ քննարկելու միջուկային զենքը և միջուկային զինաթափումը»,- Սպիտակ տան մոտ լրագրողներին ասել է Թրամփը։
«Եթե նախագահ Սին ցանկանա այդպիսի հանդիպում անցկացնել, ես համաձայն եմ»,- հավելել է ամերիկացի նախագահը։
Կիրակի երեկոյան The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Պուտինը առաջարկել է դիտարկել երեք առաջնորդների հանդիպման հնարավորությունը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները քննարկելու համար։
Երկուշաբթի Թրամփը լրագրողներին ասել է, որ կհամաձայնվեր նման հանդիպմանը, որը կարող է տեղի ունենալ հաջորդ ամիս Չինաստանում։ Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ բանակցություններում հիմնական ուշադրությունը պետք է դարձնել միջուկային զինաթափման ուղղությամբ ջանքերին։
Հարցին՝ արդյոք պատրա՞ստ է քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցումը առանց երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցության, Թրամփը, դատելով նրա պատասխանից, չի բացառել այդ հնարավորությունը։
«Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, ինչը կօգնի ավարտել պատերազմը՝ անկախ նրանից, թե բանակցություններին որևէ մեկը ներկա կլինի, թե ոչ»,- ասել է նա։
«Ըստ իս՝ ժամանակն է, որ որևէ ուրիշ մարդ բանակցի Ուկրաինայի անունից»,- հավելել է Թրամփը։





























