ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներգաղթը կործանել է Ֆրանսիան, և զգուշացրել, որ երկրի համար հեշտ չի լինի վերականգնվել այն բանից հետո, երբ նրա իշխանությունները թույլ են տվել մուտք գործել մարդկանց, որոնք, ըստ նրա, «չեն սիրում իրենց երկիրը»։

«Գիտեք, իրավիճակը Ֆրանսիայում։ Դա շատ տխուր է։ Այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում»,- ասել է Թրամփը լրագրողներին։

«Որովհետև այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում, կապված է ներգաղթի հետ։ Ոչ թե դպրոցների և ոչ էլ որևէ այլ բանի հետ։ Հենց ներգաղթի հետ»,- ընդգծել է ամերիկացի նախագահը։

Թրամփը հայտարարել է նաև, որ դեռ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախազգուշացրել էր. սահմանների հուսալի պաշտպանությունից հրաժարվելը լուրջ խնդիրների կհանգեցնի։

Ըստ նրա՝ Փարիզը շուտով մահմեդական քաղաք կդառնա։ Նա նշել է, որ Մակրոնը սխալ է թույլ տվել՝ թույլատրելով ներգաղթյալների հոսքը և չապահովելով սահմանների պատշաճ պահպանությունը։

Պատասխանելով այն հարցին, թե ըստ հաղորդումների, Մակրոնը Թրամփի վրա է դրել Իրանում պատերազմի պատասխանատվությունը և կապել հակամարտությունը Ֆրանսիայում անկարգությունների հետ, ԱՄՆ նախագահը մերժել է նման մեկնաբանությունը։

«Չեմ կարծում, թե հիմա նա այդպես է մտածում։ Կարծում եմ՝ դա կեղծ լուրեր են»,- հայտարարել է Թրամփը։

Մակրոնին անվանելով իր ընկերը՝ ԱՄՆ նախագահը պատմել է, որ վաղուց էր զգուշացնում ֆրանսիացի առաջնորդին միգրացիոն քաղաքականության հետևանքների մասին։

«Ես նրան շատ վաղուց ասացի. «Դու մեծ սխալ ես անում Ֆրանսիայում։ Դու թույլ ես տալիս, որ մարդիկ գան ամբողջ աշխարհից։ Ամբողջ աշխարհը գալիս էր ձեզ մոտ,- հայտարարել է Թրամփը։- Եվ, ինչպես գիտեք, Փարիզը շատ շուտով կդառնա մահմեդական քաղաք։ Իսկ մենք բոլորովին դրա շուրջ չէինք պայմանավորվել։ Դա համաձայնության մաս չէր կազմում»,- հավելել է նա։

Ըստ Թրամփի՝ ինքըՄակրոնին կոչ էր անում փակել սահմանները դեռ առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ՝ ԱՄՆ առաջնորդի առաջին նախագահական ժամկետի ընթացքում։

Ըստ նրա՝ երկրի մուտքի նկատմամբ վերահսկողության բացակայությունն անխուսափելիորեն կհանգեցնի խնդիրների։- Դուք միայն խնդիրներ կունենաք։ Եվ նրանք իսկապես շատ խնդիրներ ունեն»,- հայտարարել է Թրամփը։

Նա մեղադրել է նաև ֆրանսիական իշխանություններին, որ նրանք երկիր են թողնում մարդկանց, որոնք, նրա պնդմամբ, կապվածություն չեն զգում դրա նկատմամբ։ «Նրանք իրենց երկիր են թողնում մարդկանց, որոնք այն չեն սիրում։ Նրանք չեն սիրում այդ երկրի շենքերը։ Նրանք չեն սիրում այդ երկրի արվեստը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ըստ Թրամփի՝ նա Մակրոնին զգուշացրել էր, որ նման քաղաքականությունը կարող է հանգեցնել երկրի կործանմանը։

«Ամեն ինչ հետ բերել դժվար կլինի։ Բայց ես հույս ունեմ, որ Ֆրանսիան կկարողանա վերականգնվել»,- եզրափակել է ամերիկացի նախագահը։