ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջարկել է փոխել Նյու Մեքսիկո նահանգի անվանումը։ Truth Social սոցիալական ցանցում կատարած հրապարակման մեջ նա նահանգի իշխանություններին կոչ է արել «անմիջապես վերանվանել այն Նոր Ամերիկա»։

Ըստ Թրամփի՝ նոր անվանումը «էականորեն կբարձրացնի» Նյու Մեքսիկոյի արժեքն ու հեղինակությունը։ Նա նաև, առանց որևէ ապացույց ներկայացնելու, հայտարարել է, որ վերանվանման արդյունքում կաճեն բնակարանների գները և բնակիչների եկամուտները։

«Հնարավոր է, նույնիսկ անազնիվ ընտրությունները, որոնցով հայտնի է Նյու Մեքսիկոն, կրկին ազնիվ դառնան»,- գրել է ամերիկացի նախագահը։

Սա Թրամփի՝ նահանգի վերանվանման օգտին հանդես գալու առաջին փորձը չէ։ Անցյալ ամիս Truth Social-ում նա հայտարարել էր, որ շատ մարդիկ առաջարկել էին փոխել անվանումը՝ ընդգծելով, որ «Նոր Ամերիկան» նահանգի բնակիչների համար կհնչեր «շատ ավելի հեղինակավոր և գեղեցիկ», իսկ նահանգը, ըստ նրա, հսկայական ներուժ ունի։

Սեպտեմբերին մեկ այլ հրապարակման մեջ Թրամփը հրապարակել էր Նյու Մեքսիկոյի քարտեզի պատկերը, որի վրա նախկին անվանումը կարմիր խաչով ջնջված էր, իսկ ներքևում գրված էր՝ «Նոր Ամերիկա»։

Ավելի վաղ Թրամփն արդեն նախաձեռնել էր աշխարհագրական օբյեկտների վերանվանում։ 2025 թվականի հունվարին նա ստորագրել էր հրամանագիր Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց վերանվանելու մասին, իսկ 2026 թվականի օգոստոսին՝ Կանադայի հետ առևտրային դիմակայության ֆոնին Օնտարիո լճի անվանումը Ամերիկյան լիճ փոխելու մասին։

Միևնույն ժամանակ «Ամերիկյան ծոց» և «Ամերիկյան լիճ» նոր անվանումները պարտադիր են ԱՄՆ դաշնային իշխանությունների և դրանց գերատեսչությունների համար։ Ամերիկյան ընկերությունները և մյուս պետությունները պարտավոր չեն օգտագործել դրանք։