ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և ամերիկացի առաջնորդի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այս շաբաթ նախատեսում են այցելել Նորվեգիա՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների հերթական փուլի համար։ Դրա մասին Reuters գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ։
Ակնկալվում է, որ հանդիպումներին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ըստ գործակալության զրուցակիցների՝ ժամանակացույցը դեռ նախնական է և կարող է փոխվել։
Բանակցությունները կանցնեն Վաշինգտոնի և Կիևի միջև լարվածության աճի ֆոնին։
Վերջին օրերին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում Starshield արբանյակային համակարգի աշխատանքի արագությունը նվազեցվել է ամերիկյան իշխանությունների որոշման հետևանքով, իսկ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տեղեկատվության փոխանակումը սահմանափակվել է։ Ամերիկացի պաշտոնյաները մերժել են երկու պնդումներն էլ։
Ուկրաինան օգտագործում է SpaceX ընկերության մշակած Starshield համակարգը՝ մարտի դաշտում կապի և անօդաչու սարքերի կառավարման համար։ SpaceX-ի հետ պայմանագիրը կնքել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, որը միաժամանակ թույլատրում է Ուկրաինային օգտվել այդ համակարգից։





























