Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ԱՄՆ երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ սենատորների՝ խնդրելով ճնշում գործադրել Թրամփի վարչակազմի վրա, որպեսզի վերջինս վերացնի հետախուզական տվյալների փոխանակման և զենքի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը Թոմ Թիլիսի և Ռիչարդ Բլումենթալի գլխավորած սենատորների երկկուսակցական խմբի հետ առցանց զրույցի ընթացքում Զելենսկին ներկայացրել է այն խնդիրները, որոնց Ուկրաինան բախվել է Մայամիի հանդիպումից հետո։
Ուկրաինայի առաջնորդը պատմել է, որ Starlink և Starshield արբանյակային համակարգերի աշխատանքը դեռևս մասամբ սահմանափակված է՝ չնայած Սպիտակ տան հակառակ պնդումներին։
«Մենք մինչ օրս դրա բացատրությունը չունենք։ Ցավոք, լսում ենք միայն տարբեր տարօրինակ պատմություններ։ Դա խանգարում է Ուկրաինային խոցել ռուսական հարվածային անօդաչուները», - ասել է Զելենսկին։
Բացի այդ, անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինան երեք անգամ, այդ թվում՝ կիրակի օրը, ԱՄՆ-ից նախնական զգուշացում չի ստացել ռուսական բալիստիկ հրթիռների արձակման մասին։ Զելենսկու կարծիքով՝ դա իր հերթին վկայում է հետախուզական տվյալների փոխանակման սահմանափակման մասին։ Այս պահի դրությամբ Կիևն այդպես էլ Վաշինգտոնից որևէ պարզաբանում չի ստացել։
Զելենսկին նաև հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը համաձայնություն չի տալիս Patriot-ի կալանիչ հրթիռների և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգի համար նախատեսված AIM-9x հրթիռների մատակարարմանը՝ չնայած այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ի երկրներն արդեն վճարել են դրանց համար։
«ԱՄՆ մեր գործընկերների տրամադրած Patriot-ի հրթիռներից մեզ մոտ գրեթե ոչինչ չի մնացել... Այս ամենը խոսում է այն մասին, որ մեզ ցուցաբերվող աջակցությունը դանդաղեցնելու վերաբերյալ ինչ-որ քաղաքական որոշում է կայացվել։ Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչու է դա տեղի ունենում և ուր է տանում այս ամենը», - ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը սենատորներին մանրամասներ է ներկայացրել կիրակի օրը Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Վիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ ունեցած բանակցություններից։
Նա հայտնել է, որ բանագնացներին առաջարկել է 30 օրով դադարեցնել հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Դրա դիմաց Ուկրաինայի առաջնորդը խնդրել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի Patriot-ի կալանիչ հրթիռներ, որպեսզի այդ 30 օրվա ընթացքում հնարավոր լինի պաշտպանվել ռուսական բալիստիկ հրթիռներից։
Զելենսկին հավելել է, որ Վիթքոֆն ու Քուշները որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերել այդ առաջարկի նկատմամբ։
Վերջում նախագահը սենատորներին հայտնել է, որ հաջորդ շաբաթ լինելու է Նորվեգիայում և երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը կարող է հանդիպել Ուիթքոֆի ու Քուշների հետ։ Դրանից հետո Թրամփի ներկայացուցիչները կարող են մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։





























