Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը մի հատ հրապարակում է արել, որտեղ որ նշում է, որ ՏԻՄ ընտրություններում այն թեկնածուներն ու ընտրողները, որոնք ենթարկվել են ճնշումների, անպայման դիմեն իրեն։ Ի՞նչ տարբերություն այս ՏԻՄ ընտրությունները, թե ասենք մի քանի ամիս առաջ տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները։ Ես այս իմ վիդեոուղերձով հրապարակայնորեն նշում եմ այն բոլոր անձանց, որոնք ենթարկվել են ճնշումների և դուրս են մնացել աշխատանքից։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

Նա, մասնավորապես, ցուցադրել է մի շարք լուսանկարներ ու նշեց. «Տեսնո՞ւմ եք այս լուսանկարը։ Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի դաստիարակ Սերինե Մանուկյանն է, ում ազատել են աշխատանքից այս լուսանկարի պատճառով, պարզաբանելով, որ ում հետ որ նկարվել ես, թող նա էլ քեզ համար աշխատանք գտնի։

Հաջորդը Մանուշակ Լալազարյանն է՝ 38 տարվա բուժքույր Ստեփանավանի պոլիկլինիկայում, Օլգա Սահակյան, բուժքույր Ստեփանավանի պոլիկլինիկայում։ Նրանք նույնպես ազատվել են աշխատանքից իրենց քաղաքական հայացքների պատճառներով, կամ ճնշվել են ղեկավարության կողմից, որպեսզի թողնեն իրենց աշխատանքը։

Բազմաթիվ են այս դեպքերը, և ոչ միայն մեր աջակիցները, մեր քաղաքական հայացքները կիսող մարդիկ, աշխատանքից ազատվել են նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք ընդամենը արմատներով Տաշիրից են։ Վահագն Հովակիմյանին, որ հարցնեք Կարինե Մուրադյանի մասին, ով 20 տարի աշխատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, նա ձեզ առավել մանրամասն կպատմի, Նիկոլ Փաշինյան»։