ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները գնալով ավելի բացահայտ են ընդդիմանում ՌԴ-ի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումներին։ Նրանց մի մասը սպառնում է արգելափակել վարչակազմի օրենսդրական նախաձեռնությունները, եթե Սպիտակ տունը շարունակի թուլացնել Մոսկվայի վրա գործադրվող ճնշումը և սահմանափակել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, գրում է Politico-ն։

Ինչպես նշում է պարբերականը, հանրապետականների շարքերում Ուկրաինային աջակցող գործիչները փորձում են ուղիներ գտնել՝ Ռուսաստանի հանդեպ Թրամփի որդեգրած քաղաքական կուրսը փոխելու համար։

Դժգոհության առիթ են դարձել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը մեղմելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի որոշումը, ռուսական դիզելային վառելիքի գնման շուրջ պայմանավորվածությունները և Կիևին ցուցաբերվող ռազմական աջակցության հնարավոր կրճատումները։

Մասնավորապես, Թրամփի վարչակազմը հայտարարել է ռուսական դիզելի գնման նկատմամբ պատժամիջոցների վեցամսյա մեղմացման մասին։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը ժամանակավորապես հրաժարվել է Ռուսաստանի դեմ այն պատժամիջոցների կիրառումից, որոնք նախատեսված էին Կոնգրեսի կողմից վերջերս ընդունված օրենքով։

Այս քայլերը քննադատության ալիք են բարձրացրել ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում։

Որոշ օրենսդիրներ նախազգուշացնում են, որ Մոսկվայի հետ վարչակազմի հետագա մերձեցումը կարող է խոչընդոտել Սպիտակ տան օրենսդրական նախաձեռնությունների առաջմղմանը։

Մասնավորապես, հանրապետական կոնգրեսական Դոն Բեյքոնը հայտարարել է, որ վարչակազմի օրակարգը կհայտնվի վտանգի տակ, եթե այն շարունակի գործել հօգուտ Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի։

Մեկ այլ հանրապետական՝ Բրայան Ֆիցպատրիկը, ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պետք է Ուկրաինային ապահովի անհրաժեշտ ողջ պաշտպանական սպառազինությամբ, իսկ ռուսական ռեժիմի դեմ պատժամիջոցները հարկավոր է ոչ թե թուլացնել, այլ ավելի խստացնել։