Մեր իրականության մեջ ընտրություններից հետո մարդիկ հավաքվում են «մալինայում» (գողական ժարգոնով նշանակում է որջ-խմբ.) եւ որոշում, թե ով որքան ձայն բերեց, որքան գումար ծախսեց եւ այդ հաշվարկները որոշիչ են դառնում պատգամավորի թեկնածուի համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով 9-րդ հորիզոնականն էր զբաղեցնում «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ընտրացուցակում, բայց հրաժարվեց մանդատից:

Հովհաննիսյանի խոսքով, ինքը գործարար չէ եւ, ելնելով հայկական իրողություններից ու չափորոշիչներից, հրապարակային քաղաքական գործիչները Ազգային ժողովում պահանջված չեն: «Դա նշանակում է, որ ինձնից արժանին կա, թող նրանք էլ գնան խորհրդարան: Ինչ վերաբերում է  ինձ, ես բացարձակ դասալիք չեմ, ուղղակի ստեղծված իրականությունում, երբ վճռորոշ դերը վերապահվեց փողի գործոնին, այդ խորհրդարանը բիզնես-կապիտանների հավաքույթ է, ինձ նման միջավայրը չի ձգում»:

Հովհաննիսյանն ասել է, որ կես տարուց սկսվում են նախագահական ընտրությունները եւ իր անկախ կարգավիճակը թույլ կտա սեփական դիրքորոշումն արտահայտել:Ննա շարունակելու է իր գործունեությունը Քաղաքագետների միությունում, որը հիմնել է 1990թ.: