ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրությունները կորոշեն ուժերի հարաբերակցությունն ամերիկյան խորհրդարանում և կարող են ազդել Դոնալդ Թրամփի նախագահության վերջին երկու տարիների վրա, գրում է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ դեմոկրատներն ակնկալում են մեծամասնություն ստանալ Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ինչը նրանց թույլ կտա ուժեղացնել վերահսկողությունը նախագահի վարչակազմի նկատմամբ և բարդացնել Թրամփի նախաձեռնությունների առաջմղումը։

Ներկայումս հանրապետականները մեծամասնություն ունեն Կոնգրեսի երկու պալատներում էլ․ Ներկայացուցիչների պալատում նրանք ունեն 218 մանդատ՝ դեմոկրատների 214-ի դիմաց, իսկ Սենատում՝ 53 մանդատ՝ 47-ի դիմաց։ Ուժերի դասավորությունը փոխելու համար դեմոկրատներին անհրաժեշտ է յուրաքանչյուր պալատում լրացուցիչ չորսական տեղ ստանալ։ Ըստ Reuters-ի գնահատականի՝ նրանք լավ հնարավորություն ունեն իրենց վերահսկողության տակ վերցնելու Ներկայացուցիչների պալատը, մինչդեռ Սենատի համար մղվող պայքարի ելքը դժվար է կանխատեսել։

Հաշվի առնելով Թրամփի ցածր վարկանիշը և դեմոկրատների համար բարենպաստ հարցումների արդյունքները՝ ընտրությունները կարող են փոխել ուժերի դասավորությունը Վաշինգտոնում։ Սակայն նույնիսկ եթե դեմոկրատները հաղթեն խորհրդարանի մեկ կամ երկու պալատներում, Թրամփը կպահպանի վետոյի իրավունքն ու գործադիր լայն լիազորությունները, ինչը կսահմանափակի կարևոր օրենքներ ընդունելու՝ «կապույտների» հնարավորությունները, նշվում է գործակալության հրապարակման մեջ։

Մինչ այդ Washington Post պարբերականը հարցում էր անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ ԱՄՆ չափահաս բնակչության շրջանում Թրամփի գործունեության հավանության վարկանիշն այժմ կազմում է 33%։ Ընդ որում, հարցվածների 66%-ը դժգոհ է նրա գործունեությունից, իսկ 52%-ը կտրականապես չի աջակցում ամերիկացի առաջնորդի աշխատանքին։