Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ «մտահոգություն» հայտնելով երկրի Սահմանադրական դատարանում ընթացող դատավարության վերաբերյալ Եվրամիության ներկայացուցիչների վերջին արտահայտությունների առնչությամբ։ Խոսքը հինգ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու մասին իշխող թիմի ներկայացրած հայցի քննության մեկնարկի մասին է։

«Նախարարությունը գտնում է, որ մինչև գործի ըստ էության քննությունը դատավարության օրինականությունը կասկածի տակ դնելն ու դատական գործընթացին գնահատական տալը սահմանադրական ինստիտուտի վրա անօրինական ճնշում գործադրելու փորձ են և միջամտություն Վրաստանի ներքին գործերին, մինչդեռ իրավունքի գերակայության հարգումը պահանջում է դատարանին հնարավորություն տալ գործը քննելու անկախ՝ Վրաստանի Սահմանադրությանն ու գործող օրենսդրությանը համապատասխան»։

Գերատեսչությունը նաև մտահոգությամբ է արձանագրում Վրաստանի ներքաղաքական և իրավական գործընթացների վերաբերյալ Եվրամիության ներկայացուցիչների հայտարարություններն ու հռետորաբանությունը, «ինչը խոչընդոտում է իրադարձությունների օբյեկտիվ գնահատմանը և բարդացնում Վրաստանի ու ԵՄ-ի կառուցողական համագործակցությունը»։

ԱԳՆ-ն բոլոր համապատասխան ներկայացուցիչներին կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են կանխորոշել դատական վճիռները կամ ընկալվել որպես միջամտություն անկախ սահմանադրական ինստիտուտների գործունեությանը, ինչպես նաև առաջնորդվել իրավունքի գերակայության, արդարադատության անկախության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով, ասվում է հայտարարության մեջ։

Նախօրեին՝ հոկտեմբերի 19-ին, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը հայտարարել էր, որ կուսակցությունների արգելումը վտանգի տակ է դնում հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարական բազմակարծությունը և արդար քաղաքական մրցակցությունը։

«Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է առանցքային հինգ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու նպատակով նախաձեռնված գործընթացներին, այդ թվում, բնականաբար, Վրաստանի Սահմանադրական դատարանում ընթացող քննությանը։

Այս գործընթացը՝ վերջին օրենսդրական փոփոխությունների և ընդդիմադիր կուսակցություններն արգելելու մասին ավելի վաղ հնչած հայտարարությունների հետ մեկտեղ, վկայում է դատական համակարգը քաղաքական նպատակներով օգտագործելու մտահոգիչ միտման մասին։

Դա սպառնում է հիմնարար ազատություններին, ժողովրդավարական բազմակարծությանը և արդար քաղաքական մրցակցությանը։ Այդ առնչությամբ մենք ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և շարունակելու ենք դիտարկել նշված հայցի քննության ընթացքը»,— նշել է Վիգանդը։