Հոկտեմբերի 19-ի երեկոյան և հաջորդած գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային։ Կիևի մարզի Օբուխովի շրջանում հարձակման է ենթարկվել արտադրա-պահեստային շինություն, ինչից հետո հրդեհ է բռնկվել, հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։ Փրկարարները դուրս են բերել երեք զոհի մարմին, ևս վեց մարդ վիրավորվել է. փլատակների մաքրումը դեռ շարունակվում է։ Բացի այդ, Կիևի մարզային դատախազության տվյալներով՝ Կիև-Օդեսա մայրուղու հարևանությամբ գտնվող Չաբանի ավանին հասցված հարվածի հետևանքով նույն շրջանում երեք մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել։
Խմելնիցկիի մարզում ռուսական հարձակումներից վնասվել է երկու ձեռնարկություն, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Կրակը ճարակել է նաև բնակելի տներ․ զոհվել են 1926 և 1954 թվականներին ծնված երկու կանայք, իսկ ևս երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Խարկովի մարզի Նովայա Վոդոլագա ավանում ռուս զինվորականները երկուշաբթի երեկոյան թիրախավորել են կենտրոնական զբոսայգին։ Հարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու աղջնակ (մեկը՝ 11 տարեկան, մյուսը՝ ընդամենը մեկ տարեկանից մի փոքր մեծ)։ Փոքրիկի մայրը մահացել է հիվանդանոցում։ Եվս 15 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Իզյում քաղաքի գիշերային գնդակոծությունից հետո տուժել է հինգ բնակիչ, բռնկվել է չորս առանձին հրդեհ։ Վնասվել են առանձնատներ, կից շինություններ, վարչական շենք և մարդատար ավտոմեքենաներ։
Ռուսական հարվածների թիրախում են հայտնվել նաև Դնեպրի պահեստները։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի (ՄՌՎ) ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է չորս վիրավորի մասին․ նրանցից մեկը՝ 33-ամյա տղամարդ, մարմնի համատարած այրվածքներով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ևս երկուսը՝ 27 և 30 տարեկան տղամարդիկ, ծանր վիճակում են։
Սումի քաղաքի Զարեչնի թաղամասում գիշերը ժամը 2-ի մոտակայքում ռուսական անօդաչուն բախվել է բազմաբնակարան շենքի, հայտնել է քաղաքապետի պաշտոնակատար Արտյոմ Կոբզարը։ Հասցված վնասների չափը պարզվում է։
Տերնոպոլի ՄՌՎ ղեկավար Տարաս Պաստուխի փոխանցմամբ՝ անօդաչուները գրոհել են Կրեմենեցի շրջանի երեք էներգետիկ օբյեկտ և Չորտկովի շրջանի առանձնատներ։ Լվովի ՄՌՎ ղեկավար Մաքսիմ Կոզիցկին ևս հայտնել է, որ ռեակտիվ ԱԹՍ-ների թիրախում էներգետիկ ենթակառուցվածքներն են եղել։ Բացի այդ, շրջանում վնասվել են մեկ բնակելի և երկու ամառանոցային տների տանիքներ։
Էներգետիկ ցանցին հարվածներ են հասցվել նաև Օդեսայի մարզում, հայտարարել է ՄՌՎ ղեկավար Օլեգ Կիպերը։ Երեքշաբթի առավոտյան հարված է հասցվել նաև վարչական շենքի․ անօդաչուները վնասել են տանիքն ու ավերել ներսի սենյակները, տուժածներ չկան։ Մարզի առանձին հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարումն ընդհատումներով է գործում։
Ժիտոմիրի մարզում ռուսական հարվածները թիրախավորել են քաղաքացիական ու երկաթուղային ենթակառուցվածքները, հայտնում է ԱԻՊԾ-ն։ Բռնկված հրդեհների մարումը շարունակվում է։





























