Գյումրիի տոնին Գյումրիի հրապարակը մարդաշատ էր և գյումրեցիները իրենց ներկայությամբ գնահատականը տվել են։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով քննադատություններին, որ «Տաշիր» բարեգործականի կողմից կազմակերպված համերգին ռաբիս երաժշտություն էր հնչում։
«Այստեղ լավ կլիներ, որ մինչև նման գնահատականների տալը նաև գործող իշխանության ներկայացուցիչները գնահատեին նաև ԿՑՕՊ17-ի միջոցառումը, որի վրա ծախսվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Մենք տեսել ենք, թե որքան բազմամարդ էր հրապարակը։ Եթե որակի հետ կապված հարցեր լինեին, այսքան բազմամարդ հրապարակ չէինք տեսնի։ Երկրորդը, պատկերացրեք, որ այդ համերգը կազմակերպեր իշխող ուժը, այդտեղ մի քանի միլիոն դոլար գումար կծախսվեր, միգուցե նաև ավել։
Այո, այս համերգը կազմակերպվել է Կաշիր բարեգործական հիմնադրամի կողմից, դրանով հնարավորություն է ընձեռել բավական լուրջ խնայողություններ իրականացնել նաև պետական բյուջեի միջոցներից կամ համայնքային բյուջեի միջոցներից։
Երգիչների ընտրության մասով կարող եք համայնքապետարան դիմել։ Համերգի կազմակերպիչը հենց համայնքապետարանն է և նաև բարեգործական հիմնադրամը, կարող եք իրենցից ճշտել, ես արտիստների ընտրության և ծրագրի հետ կապված որևիցե մեկնաբանություն տալ չեմ կարող»,–ասաց նա։











