Հնագետները Իսպանիայի հյուսիսում հռոմեական ռազմական ճամբար են հայտնաբերել, որն օգտագործվել է մ.թ.ա. I դարի Կանտաբրյան պատերազմների ժամանակ։ Գտածոների թվում կան զենքի բեկորներ և հռոմեական զինվորների սանդալների երկաթե ցցեր։ Հետազոտողների կարծիքով՝ ճամբարը կարևոր դեր է խաղացել տեղական ցեղերին նվաճելու ռազմական արշավում։

Ամրաշինությունը մոտ 12 մետր լայնությամբ հողային հարթակ է՝ շրջապատված մոտ 1,5 մետր հաստությամբ քարե պատով։ Այն հայտնաբերվել է 2026 թվականի սկզբին իրականացված պեղումների ժամանակ։ Ճամբարը երկաթի դարի մի բնակավայրից մոտ 500 մետր հեռավորության վրա է, որտեղ ապրել են կանտաբրացիները՝ կելտական ցեղերի միավորում, որոնք բնակվել են Կանտաբրյան լեռներում՝ ժամանակակից հյուսիսային Իսպանիայի տարածքում։

Կանտաբրացիները մոտ տասը տարի դիմադրել են հռոմեական տիրապետությանը, սակայն մ.թ.ա. 19 թվականին Օկտավիանոս Օգոստոսի զորքերը վերջնականապես հնազանդեցրել են նրանց։ Կանտաբրյան պատերազմներն ավարտել են Հռոմի վերահսկողության հաստատումը Պիրենեյան թերակղզու վրա։

«Այսպիսի վիճակում բլրի վրայի ամրացված բնակավայրի հետ կապված ճամբար գտնելը խիստ հազվագյուտ բան է»,- հայտարարել է Լեոնի համալսարանի հնագետ Էդուարդո Գոնսալես Գոմես դե Ագուերոն, որը ղեկավարել է պեղումները։

Լավ պահպանված գտածոների թվում են զենքի մետաղական բեկորներ և փոքր երկաթե ցցեր, որոնք խփում էին հռոմեական զինվորների կաշվե ռազմական սանդալների ներբանների մեջ։ Դրանք քարքարոտ և ցեխոտ մակերեսների վրա ավելի լավ կպչունություն էին ապահովում։ Հետազոտողների կարծիքով՝ այդ առարկաները վկայում են բնակավայրի վրա հարձակման և այն ենթարկելու համար հռոմեական զորքերի նախապատրաստության մասին։

Հնագետները նաև ուժեղ հրդեհի հետքեր են հայտնաբերել, որը ոչնչացրել է հռոմեացիների գալուց առաջ գոյություն ունեցող բնակավայրի մեծ մասը։ Կրակի մեջ ոչնչացել են նաև երկու տաճար։ Գոնսալես Գոմես դե Ագուերոն ենթադրել է, որ հրդեհը կարող էին դիտավորյալ հրահրել հռոմեացիները նվաճման ընթացքում։

«Խոսքը միայն հակառակորդի նկատմամբ հաղթանակի մասին չէ, այլ նաև նրա նվաստացման, ինքնության ոչնչացման և հողի հետ կապի խզման մասին»,- պարզաբանել է հնագետը։

Գիտնականները շարունակում են ճշտել կանտաբրացիների դեմ հռոմեացիների վերջին հարձակման ժամանակագրությունը։ Նրանք դեռ պետք է պարզեն՝ բնակավայրը ոչնչացվել է մեկ հարձակման հետևանքո՞վ, թե՞ ավերվել է աստիճանաբար։ Ավելի վաղ հետազոտողների մեկ այլ խումբ Իսպանիայի հյուսիսում հայտնաբերել էր 66 հռոմեական ռազմական ճամբար, ինչը վկայում է տեղական ցեղերի դեմ ռազմական արշավի լայնածավալ լինելու մասին։

Նոր գտածոն գիտնականներին կօգնի ավելի ճշգրիտ որոշել հռոմեական ամրությունների տեղադրությունը և վերականգնել Պիրենեյան թերակղզու հյուսիսային շրջանների նվաճման ընթացքը։ Լեոնի համալսարանի հնագետ Կառլոս Ֆերնանդես Ռոդրիգեսն ասում է, որ դա կարևոր քայլ է ժամանակակից Լեոն նահանգի տարածքում հռոմեական առաջխաղացման և ռազմական ճամբարների ու երկաթի դարի բնակավայրերի միջև կապերի ուսումնասիրման համար։