Մարդու ուղեղը կարող է ճանաչել զգացմունքները ոչ միայն դեմքի արտահայտությունից, այլև ձայնից։ JNeurosci հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են տեսողական և լսողական տեղեկատվության մշակման համար, փոխազդում են միմյանց հետ և կարող են ճանաչել նույն զգացմունքները՝ անկախ նրանից, թե մարդը տեսնո՞ւմ է դրանց դրսևորումը, թե՞ լսում է։

Լյովենի կաթոլիկ համալսարանի հետազոտողները՝ Օլիվյե Կոլինյոնի և Ստեֆանիա Մատտիոնիի գլխավորությամբ, որն այժմ աշխատում է Գենտի համալսարանում, ուսումնասիրել են փորձի մասնակիցների ուղեղային արձագանքները տարբեր զգացմունքներ արտահայտող դեմքերին և ձայներին։

Երբ մասնակիցներն առանձին տեսնում էին դեմքեր կամ լսում էին ձայներ, հուզական ազդանշաններն ակտիվություն էին առաջացնում ուղեղի մի քանի հատվածներում, որոնք կապված են տեսողական և լսողական տեղեկատվության մշակման հետ։ Ընդ որում, արձագանքը չէր սահմանափակվում միայն այն հատվածներով, որոնք մասնագիտացած են զգայարաններից մեկի մշակման մեջ։

Ուղեղի որոշ հատվածներ, որոնք սովորաբար արձագանքում են դեմքերին, ձայնով փոխանցվող զգացմունքների մասին տեղեկություններ էին պարունակում։ Եվ հակառակը՝ ձայների մշակմանն առնչվող հատվածները արձագանքում էին դիմախաղով արտահայտված զգացմունքներին։ Առանձին հատվածներում ուղեղը նույն զգացմունքը ներկայացնում էր նմանատիպ կերպով՝ անկախ նրանից, թե մարդը տեսնո՞ւմ էր դրա դրսևորումը, թե՞ լսում էր այն։

Երբ մասնակիցներին միաժամանակ ցույց էին տալիս դեմքեր և հնչեցնում ձայներ, այդ ազդանշանների համադրությունը փոխում էր հուզական տեղեկատվության մշակումը՝ յուրաքանչյուր ազդանշանի առանձին ընկալման համեմատ։

Հետազոտողների կարծիքով՝ արդյունքները վկայում են դեմքերի և ձայների ճանաչման համար պատասխանատու ուղեղային համակարգերի սերտ փոխազդեցության մասին։ Դրա շնորհիվ մարդը կարող է ավելի արագ պատկերացում կազմել զրուցակցի զգացմունքների մասին՝ միաժամանակ հետևելով նրա դիմախաղին և լսելով ինտոնացիան։

Հեղինակները կարծում են, որ հետագա հետազոտությունները կօգնեն պարզելու, թե արդյոք այս համակարգերի փոխազդեցությունը խախտվո՞ւմ է այն մարդկանց մոտ, որոնց համար դժվար է միավորել տարբեր սոցիալական ազդանշանները և ճիշտ մեկնաբանել շրջապատի մարդկանց զգացմունքները։