«Ուժեղ Հայաստանը» արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և մասնավորապես մեր գործընկերներից Անդրանիկ Գևորգյանը տեսանյութում ներկայացրել է Ստեփանավանում ընտրական գործընթացների ժամանակ աշխատանքից ազատված և ճնշումների ենթարկված քաղաքացիներին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետը հայտարարել էր, որ եթե ՏԻՄ ընտրություններում կան մարդիկ, որոնց նկատմամբ ճնշում են գործադրում, ապա մեղավորները անպայման պատժվելու են։
«Մարդ է եղել, որ լուսանկարվել է Նարեկ Կարապետյանի հետ, որից հետո աշխատանքից ազատվել է։ Մարդը եղել է, որ մասնակցել է ցույցերին, ազատվել է աշխատանքից։ Պարոն Գևորգյանը իր տեսաուղերձում մանրամասն ներկայացրել է՝ լուսանկարներով, դեպքերով և բնականաբար ակնկալում ենք, որ համապատասխան արձագանքները ևս կլինեն»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանը ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ է արել կազմակերպել բողոքի ակցիաներ, Աբրահամյանն ասաց. «Երբ քաղաքացիները ահազանգում են ինչ-որ խնդրի մասին, միանգամից ասում են՝ բողոքի ցույցեր կազմակերպեք, երբ խոսում են ընտրական գործընթացներում խախտումների մասին, ասում են՝ հեղափոխություն արեք։ Մինչդեռ նույն կառավարության ղեկավարը տարիներ շարունակ իր խոսքով, հանդիպել է նման դեպքերի, բայց 2012–2017 թվականներին և դրանից շուտ որևիցե հեղափոխության մասին իրենց կողմից խոսք չի եղել։
Իրավապահ համակարգը պետք է կոնկրետ քայլերի դիմի, իսկ կառավարության ղեկավարը ասում է՝ ելեք, բողոքի ցույց արեք։ Դա նորմալ չի, եթե իրավապահ համակարգը նորմալ աշխատի, նման խոսակցություններ չեն լինի։ Իսկ այսօր իրավապահ համակարգը փոխանակ մեր քաղաքացիների շահերը պաշտպանի, զբաղված է ընդդիմադիրներին հետապնդելու գործով»,–ասաց նա։





























