Հայաստանի Սահմանադրական դատարանը, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով Հայ ազգային կոնգրեսի դիմումի քննությունը կշարունակի մայիսի 29-ին: Նման որոշում ՍԴ-ն կայացրել է այն բանից հետո, երբ պատասխանող կողմի հնչեցրած որոշ հարցերին լիարժեք պատասխանելու համար դիմող կողմը խնդրել է այդ հարցերին պատասխանել ավելի ուշ:
ՍԴ-ն որոշել է, որ այդ պատասխանները դիմող կողմը պետք է ուղարկի ՍԴ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՍԴ-ն այսօր` մայիսի 25-ին քննում է Հայ ազգային կոնգրեսի դիմումը` մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:
Գործով որպես պատասխանող ճանաչված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը միջնորդել է դատարանին` կարճել հայցը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, սակայն ՍԴ-ն մերժել է Մուկուչյանի միջնորդությունը եւ որոշել դիմումը քննել բանավոր կարգով: Սահմանադրական դատարանում գործով որպես զեկուցող են ճանաչվել ՍԴ անդամներ Արեւիկ Պետրոսյանն ու Ֆելիքս Թոխյանը:
Հայ ազգային կոնգրեսը ԿԸՀ-ում ներկայացնում են փաստաբան Վահե Գրիգորյանն ու ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Վերջինս իր խոսքում արձանագրել է, որ ընտրությունների մասնակիցների թիվն ուռճացված է: Նա ծիծաղելի է համարել 1,5 միլիոն մասնակիցների թիվը` նշելով, որ ընտրություններին լավագույն դեպքում մասնակցել է առնվազն 1 մլն 80 հազար մարդ:
Նշենք, որ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով ՍԴ են դիմել նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված վեց թեկնածուներ, որոնցից հինգը` Հայ ազգային կոնգրեսից` Մանուել Գասպարյանը (թիվ 3), Նիկոլ Փաշինյանը (թիվ 7), Լեւոն Զուրաբյանը (թիվ 9), Գագիկ Ներսիսյանը (թիվ 17) եւ Դավիթ Մաթեւոսյանը (թիվ 38), նաեւ թիվ 37-ում ինքնառաջադրված Սամվել Հարությունյանը: Նրանց դիմումները քննարկվելու են հունիսին:




























