Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտի Բորդո քաղաքի իշխանություններն անչափահասների համար պարետային ժամ են սահմանել հոկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում։ Սա տեղի է ունեցել հանգստյան օրերին բռնկված զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով դեպարտամենտի պրեֆեկտուրային։

«Բորդոյում պարետային ժամ է սահմանվում առանց մեծահասակների ուղեկցության գտնվող անչափահասների համար։ Ժիրոնդ դեպարտամենտի պրեֆեկտուրան այս որոշումը հրապարակել է երկուշաբթի երեկոյան՝ հոկտեմբերի 17-ի բողոքի ակցիաների ընթացքում գրանցված բռնություններից ու թալանից հետո»,— նշվում է հրապարակման մեջ։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պարետային ժամը կգործի ժամը 22:00-ից մինչև հաջորդ օրվա 07:00-ն։ Այդ ընթացքում անչափահասներին կարգելվի փողոց դուրս գալ առանց չափահաս օրինական ներկայացուցչի ուղեկցության։ Պրեֆեկտուրան ընդգծել է, որ սահմանափակումները կկիրառվեն ոչ թե ամբողջ քաղաքում, այլ այն փողոցներում, որոնք առավել շատ են տուժել ցույցերի ժամանակ բռնկված ջարդերից։ Դրանք կտարածվեն Սենտ-Կատրին և Պորտ Դիժո փողոցների, Էնտանդանս ծառուղու, Սենտ-Կատրին ճեմուղու, ինչպես նաև Սեն-Պրոժե և Ժեներալ Սարայ հրապարակների վրա։

BFMTV-ն, վկայակոչելով իրազեկ աղբյուրին, հայտնել է, որ Մարսելում ևս որոշում է կայացվել պարետային ժամ մտցնել հոկտեմբերի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում։ Մարսելում սահմանափակումները կվերաբերեն առևտրի կենտրոնների հարակից տարածքներին։ Այնտեղ պարետային ժամը կտևի ժամը 22:00-ից մինչև հաջորդ օրվա 05:00-ն։ Այս միջոցառումը կտարածվի նաև Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի այլ բնակավայրերի վրա։

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն հայտարարել էր, որ երկիրը պատած զանգվածային բողոքի ցույցերի պատճառով սահմանված մասնակի պարետային ժամի առաջին գիշերը համեմատաբար խաղաղ է անցել։