Ամերիկացիների միայն 31%-ն է դրական գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը, պարզել է Reuters/Ipsos-ի համատեղ հարցումը։ Չորս օր տևած առցանց հարցմանը մասնակցել է ԱՄՆ 1679 չափահաս քաղաքացի, որոնցից 1279-ը՝ գրանցված ընտրող։
Սա Թրամփի պաշտոնավարման երկու ժամկետների ամենացածր ցուցանիշն է։ Երկու շաբաթ առաջ անցկացված համանման հարցումը ցույց էր տվել, որ նախագահի վարկանիշը 32% էր։ Համեմատության համար նշենք, որ 2026 թվականի հունվարին ԱՄՆ նախագահի քայլերին հավանություն էր տալիս Ipsos-ի հարցվածների 42%-ը։
Թրամփի աշխատանքից դժգոհ է հարցվածների 66%-ը, իսկ մնացած մասնակիցները ձեռնպահ են մնացել գնահատական տալուց։
Այն հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե միջանկյալ ընտրություններն անցկացվեին հենց այս պահին, հարցվածների 47%-ը նշել է, որ իր ձայնը կտար դեմոկրատներին, իսկ 35%-ը՝ հանրապետականներին։
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ հարցման արդյունքները վկայում են հաջորդ ամիս կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Հանրապետական կուսակցության հնարավոր ձախողման մասին։ Եթե հանրապետականները կորցնեն մեծամասնությունը պալատներից որևէ մեկում, Թրամփի համար շատ ավելի բարդ կլինի իր ծրագրերի իրագործումը։
Ինչպես ցույց էին տվել ավելի վաղ անցկացված հարցումները, ընտրողների կարծիքով՝ Թրամփը բավարար ուշադրություն չի դարձնում երկրի ամենահրատապ խնդիրներին, այդ թվում՝ կյանքի թանկացման զսպմանը։
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին։ Ամերիկացիները պետք է ընտրեն Ներկայացուցիչների պալատի ողջ կազմը (435 տեղ) և 50 սենատորներից 35-ին։ Այժմ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկում են հանրապետականները։





























