Ես քեզ եմ հրավիրում բանավեճի. Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ-ական թեկնածու Գերասիմ Վարդանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա, մասնավորապես, նշել է. «Ուրեմն, լսի՛ր, Նիկոլ Փաշինյա՛ն։

Եթե դու վստահ չէիր քո թեկնածուի վրա, բայց, այնուամենայնիվ, քաղաքապետի թեկնածու ես առաջադրել մի մարդու, որին ուղարկում ես Հանրային հեռուստաընկերություն, ապա ինչո՞ւ ես նրա՝ բանավեճում պարտվելուց հետո ինքդ սկսում ուղիղ եթերներ մտնել հեռակա բանավեճ վարել իմ դեմ։

Երեկվանից քանի՞երորդ լայվդ ես անում, քանի՞երորդ ստատուսդ գրում՝ իմ հասցեին, ընտանիքիս անդամի հասցեին, իմ ուժի հասցեին։

Ուրեմն, ես քեզ եմ հրավիրում բանավեճի։ Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես։

Ես դիմում եմ Հանրային հեռուստաընկերությանը՝ խնդրելով բանավեճի եթերաժամ տրամադրել ինձ և Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մենք բանավիճենք Հանրայինի ուղիղ եթերում։

Դու մարդկանց բանեվեճի հրավիրելով՝ հայտարարում ես տղա եք եկեք։ Հիմա ես եմ քեզ հրավիրում , արի՛ բանավեճի, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր. «Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածուի կինը՝ 2022 թվականի մարտ ամսից աշխատում է Միասնական սոցիալական ծառայությունում, որպես ավագ մասնագետ։

Եւ այս թեկնածուն, իր կուսակիցներն ու համախոհները մեզ մեղադրում են քաղաքական հայացքների պատճառով մարդկանց աշխատանքից ազատելու մեջ։ Ի դեպ, տվյալ թեկնածուն երկու քրեական գործերով ամբաստանյալ է։

Շատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության։ Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ»։