Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է գիշերը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը, հաղորդում է Shamshyancom–ը։
Գիշերը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ով ժամեր անց գիտակցության չգալով մահացել է, Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Ծերուն Հ.-ն է։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են, թե որտեղ ինչ հանգամանքներում և ում կողմից է հրազենային վնասվածք ստացել մահացածը։
Իրավապահները պարզել են, որ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը գողություն անելու նպատակով Արագածոտնի մարզում մտել է տուն, տանտերը նկատել է և կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ։ վերջինս հրազենային վնասվածք է ստացել և «Nissan Sentra»-ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։





























