Իտալիայի կառավարությունը հոկտեմբերի 17-18-ի անկարգություններից հետո 500 զինվորական կուղարկի Միլան։ The Guardian-ը գրում է, որ երկրում կյանքի թանկացման դեմ բողոքող ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, թալանել ու ավերել խանութները, այդ թվում՝ բրենդային հագուստի սրահները։

Սպասվում է, որ զինուժի տեղակայումը կներառվի անվտանգության միջոցառումների փաթեթում, որը նախարարների կաբինետը կհաստատի երեքշաբթի օրը։ Առայժմ Միլանում շատ գործարարներ փակ են պահում իրենց խանութները՝ վախենալով իրավիճակի նոր սրացումից։ Հայտնի է, որ անկարգություններից արդեն տուժել են «Decathlon» և «Arc'teryx» սպորտային խանութների ցանցերը, ինչպես նաև «Vodafone» բջջային օպերատորը։ Էլ ավելի շատ ապրանքանիշեր, այդ թվում՝ «Levi's»-ը և «Under Armour»-ը, իրենց ցուցափեղկերը փակել են ստվարաթղթով ու փայտե վահանակներով։ Փոխվարչապետ Մատեո Սալվինին վստահեցրել է, որ իշխանությունները «խոսքից անցել են գործի»։

Իտալիայի քաղաքներում տեղի ունեցած ջարդերն ու ավերածությունները դատապարտել են նաև երկրի այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ՝ վարչապետ Ջորջա Մելոնիի գլխավորությամբ։ Անկարգությունների դեմ պայքարելու նպատակով կառավարությունը դիտարկում է մի շարք խիստ քայլեր։

Ավելի վաղ Իտալիայի ոստիկանությունը հայտնել էր, որ կիրակի օրը Միլանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բերման է ենթարկվել 271 մարդ։ Տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել նաև Բոլոնիայում, Բրեշիայում, Բերգամոյում և Թուրինում։ Կյանքի թանկացման դեմ սկզբում խաղաղ բնույթ կրող ցույցերը վերաճել էին աղբամանների հրկիզման, խանութների ջարդերի և ոստիկանության հետ բախումների։ Անկարգություններին ակտիվորեն մասնակցել են նաև անչափահասներ։

Ֆրանսիայում տեղի ունեցած նմանօրինակ իրադարձություններից հետո զանգվածային բողոքի ալիքը պատել է Իտալիայի հյուսիսը։ Հոկտեմբերի 17-18-ին Փարիզի կենտրոնական թաղամասերում և երկրի խոշոր այլ քաղաքներում տեղի ունեցած մասշտաբային ավերածություններից հետո Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն մասնակի պարետային ժամ էր հայտարարել երկրում։ Ֆրանսիական իշխանությունները քաոսի մեջ մեղադրել են «ծայրահեղ ձախ արմատականներին» և խոստացել քաղաքներին հասցված վնասը վերականգնել անկարգությունների մասնակիցների հաշվին։