Երկար տարիներ աշխատելով Հաշվեքննիչ պալատում՝ երբևէ առնչվե՞լ եք համակարգային կոռուպցիայի հետ կամ գուցե լսե՞լ եք դրա մասին։ Այսպիսի հարցով հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Կարեն Առուստամյանին դիմեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Առուստամյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Ի վերջո, Հաշվեքննիչ պալատն այն կառույցն է, որի առաջ գրեթե բոլոր դռները բաց են», — նշեց պատգամավորը։

Առուստամյանն ի պատասխան ասաց. «Եթե համակարգային կոռուպցիան պատկերացնում եք որպես ինչ-որ կոնկրետ կենդանի արարած և ուզում եք իմանալ՝ տեսե՞լ եմ այն, թե՞ ոչ, շոշափե՞լ եմ, թե՞ ոչ, ապա նման գիտելիքներ ինձ հասու չեն։ Ես այդպիսի մոտեցում չունեմ։ Ես գիտեմ, որ բոլոր ժամանակներում և ողջ աշխարհում եղել է ու շարունակում է մնալ «ռիսկ» հասկացությունը։ Իսկ աուդիտն այն գործիքներից մեկն է, որը նպաստում է հենց այդ ռիսկերի կառավարմանը»։

Նշենք, որ որոշակի քննարկումներից հետո Կարեն Առուստամյանի թեկնածությունն արժանացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությանը։