Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնից ազատել է երկրի գլխավոր ֆինանսական կարգավորիչ մարմնի ղեկավարին։ Որոշումը կայացվել է ներդրումային հիմնադրամների ճգնաժամի ֆոնին, որից տուժել է ավելի քան 455 հազար ներդրող։ Միաժամանակ պաշտոնը լքել է ֆինանսների և գանձապետարանի փոխնախարար Օսման Չելիքը։
Թուրքիայի կապիտալի շուկաների խորհրդի (SPK) նախագահ Մահմութ Սյութչուին պաշտոնից ազատելու և Չելիքին փոխարինելու մասին որոշումները երեքշաբթի օրը հրապարակվել են կառավարության պաշտոնական տեղեկագրում։ Դրանից մեկ օր առաջ Սյութչուն առողջական խնդիրների պատճառաբանությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել։ «Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ Չելիքը ևս հայտնել է թոշակի անցնելու մասին, սակայն պատճառը չի նշել։
Կադրային փոփոխությունները տեղի են ունեցել դեռ սեպտեմբերին սկսված ճգնաժամի ֆոնին։ Այդ ժամանակ SPK-ն կարգադրել էր լուծարել ակտիվների կառավարմամբ զբաղվող յոթ ընկերության տնօրինության տակ գտնվող 131 ներդրումային հիմնադրամները։ «Anadolu»-ի տվյալներով՝ դրա հետևանքով ավելի քան 455 հազար ներդրող է տուժել։
Ստամբուլի դատախազությունը քննություն է սկսել ենթադրյալ ֆինանսական խախտումների և պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքերով։ Գործով անցնող անձանց թվում են ընտանիքի հարցերի նախկին նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան և SPK-ի նախկին ղեկավարը։
Քայան լքել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (ԱԶԿ) զբաղեցրած իր պաշտոնն այն բանից հետո, երբ ընդդիմությունը նրան ու ամուսնուն մեղադրել է հիմնադրամներում կատարած ներդրումներից անսովոր բարձր եկամուտների հաշվին խոշոր շահույթ ստանալու մեջ։ Ավելի ուշ ամուսինները կասկածյալի կարգավիճակով ցուցմունք են տվել դատախազությունում։
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը Էրդողանին մեղադրել է ճգնաժամը կանխելու անկարողության մեջ։ Հղում անելով տնտեսագետների գնահատականներին՝ նա հայտարարել է, որ տնտեսությանը հասցված վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը։
Էրդողանն ու իր կուսակցությունը հերքում են մեղադրանքները և խոստանում պատասխանատվության ենթարկել կատարվածի մեղավորներին։
Երկուշաբթի օրը՝ հրաժարականների մասին լուրերից հետո, Ստամբուլի ֆոնդային բորսան փակվել է գրեթե 2,5% անկումով։ Երեքշաբթի առևտրի մեկնարկին շուկան մասամբ վերականգնել է կորուստները։
Շուկայի մի շարք փորձագետներ տեղի ունեցողը որակում են որպես Թուրքիայի նորագույն պատմության ամենածանր ֆինանսական ճգնաժամերից մեկը։ Նրանք զգուշացնում են, որ եթե իշխանությունները կարգավորման անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, հետևանքները կարող են տարածվել նաև շուկայի մյուս հատվածների վրա։





























