ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 20-ի նիստում քննարկվել է ««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխության նպատակն է հստակեցնել հանրային հատվածի կազմակերպությունների գույքի դուրսգրման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը։

Փոխնախարարը նշել է, որ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել երեք հիմնական ուղղություններով։

Առաջին փոփոխությունը վերաբերում է հանրային հատվածի կազմակերպությունների՝ լրիվ մաշվածության պատճառով օգտագործման համար ոչ պիտանի գույքի դուրսգրման և հետագա տնօրինման կարգին։ Ներկայումս այդ կարգը սահմանված է Ֆինանսների նախարարի՝ 2007 թվականին ընդունված հրամանով։ Օրենքում հետագայում կատարված փոփոխություններից հետո հրամանը չի վերանայվել, ուստի առաջարկվում է օրենքով սահմանել համապատասխան լիազորություն, որի հիման վրա Ֆինանսների նախարարությունը կսահմանի գույքի դուրսգրման և հետագա տնօրինման կարգը։

Ըստ Համլետ Սահակյանի՝ երկրորդ փոփոխությունը խմբագրական բնույթի է և վերաբերում է հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառմանն ու ցանկի հրապարակմանը։ Առաջարկվում է հստակեցնել ցանկի հաստատման վերաբերյալ օրենսդրական ձևակերպումը։

Երրորդ փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների ներկայացման հնարավորությունները՝ նախատեսելով դրանք միջգերատեսչական հանձնաժողովներին ներկայացնելու իրավական հիմք։ Նշվել է, որ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուվերեն ծրագրերի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրել նաև համայնքների ֆինանսական հաշվետվությունները։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ գործող օրենսդրությամբ նման հաշվետվությունների ներկայացումը միջգերատեսչական հանձնաժողովներին հստակ նախատեսված չէ։ Առաջարկվող փոփոխությամբ կսահմանվի համապատասխան լիազորություն, իսկ հաշվետվությունների ներկայացման դեպքերն ու կարգը կսահմանվեն Կառավարության որոշումներով։

Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն։