Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 28-ը Կապանում, Վանաձորում և Երևանում կանցկացվի MindX Teachers Lab-ը՝ ուսուցիչների, դպրոցների տնօրենների և կրթության ոլորտի մասնագետների զարգացման նոր ծրագիրը։ «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի (նախկինում՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի») նախաձեռնությունը ներառում է ինը դասընթաց և գործնական աշխատարան՝ ուղղված ուսուցչական առաջնորդության, դպրոցական համայնքի զարգացման և ուսումնառության ժամանակակից մոտեցումների կիրառմանը։

Ինչպե՞ս է փոխվում ուսուցչի դերը ժամանակակից դպրոցում, ինչպե՞ս կարելի է արհեստական բանականությունն օգտագործել կրթության մեջ և ինչպե՞ս ապահովել սովորողների ավելի ակտիվ մասնակցությունը ուսումնառությանը։ Այս և այլ հարցերի պատասխանները մասնակիցները կփորձեն գտնել MindX Teachers Lab-ի շրջանակում՝ համադրելով տեսական գիտելիքը, գործնական աշխատանքն ու մասնագիտական փորձի փոխանակումը։

Ծրագրի հիմքում ուսուցչի երեք փոխկապակցված դերերն են՝ առաջնորդ, համայնք ձևավորող և ուսումնառության նախագծող։

Նախաձեռնության կազմակերպիչների համոզմամբ՝ ժամանակակից ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլև դպրոցական միջավայրի ձևավորման, սովորողների ինքնուրույնության զարգացման և կրթական փոփոխությունների կարևոր մասնակից։

Գաղափարներից՝ գործնական լուծումներ

MindX Teachers Lab-ը «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի կրթական համաժողովների և մասնագիտական հանդիպումների շարունակությունն է։ Սակայն, ի տարբերություն լայն քննարկումների ձևաչափի, նոր ծրագիրը կենտրոնանում է ձեռք բերված գիտելիքի գործնական կիրառության վրա։

«MindX Teachers Lab-ը «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի կրթական համաժողովների և մասնագիտական հանդիպումների շարունակությունն է։ Եթե կրթական համաժողովներն ու MindX Forum-ը հնարավորություն են տալիս բացահայտելու նոր գաղափարներ, փոխանակելու փորձ և քննարկելու կրթության ապագան, ապա MindX Teachers Lab-ը նպատակ ունի այդ գաղափարները կապելու ուսուցչի ամենօրյա աշխատանքի հետ։ Նախաձեռնության հիմնական գաղափարն է մասնագիտական ուսումնառությունը վերածել գործնական փորձի, իսկ նոր գիտելիքներն ու մոտեցումները՝ իրական փոփոխության հնարավորության»,— նշում է հիմնադրամի ուսումնառության և կրթական նախաձեռնությունների գծով տնօրեն **Ալբերտա Պիրոևան։

Ծրագիրը բաղկացած է երեք թեմատիկ շրջանից։ Յուրաքանչյուրն ընդգրկում է երկու առցանց դասընթաց և մեկ առդեմ գործնական աշխատարան։

Առցանց հանդիպումների ընթացքում մասնակիցները կծանոթանան կրթական նոր մոտեցումներին ու գործիքներին, իսկ գործնական աշխատարաններում կաշխատեն իրական խնդիրների շուրջ՝ մշակելով իրենց դպրոցում կամ համայնքում կիրառելի լուծումներ։

Կապանում՝ ուսուցչական առաջնորդություն

Ծրագրի առաջին փուլը կանցկացվի հոկտեմբերի 26–31-ը՝ Կապանում։

«Ուսուցիչը՝ որպես առաջնորդ» թեմատիկ ուղղության շրջանակում մասնակիցները կքննարկեն ուսուցչական առաջնորդության դերը, մասնագիտական նախաձեռնողականությունը և սովորողների մասնակցությունը որոշումների կայացմանը։

Այս մոտեցմամբ առաջնորդությունը դիտարկվում է ոչ թե որպես պաշտոն կամ վարչական լիազորություն, այլ որպես փոփոխություն նախաձեռնելու և շրջապատի վրա դրական ազդեցություն ունենալու կարողություն։

Հոկտեմբերի 31-ին Կապանում նախատեսված գործնական աշխատարանի ընթացքում մասնակիցները կմշակեն իրենց կրթական միջավայրի խնդիրներին արձագանքող փոքր, իրատեսական նախաձեռնություններ։

Վանաձորում՝ դպրոցական համայնքի զարգացում

Երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 9–14-ը՝ Վանաձորում։

«Ուսուցիչը՝ որպես համայնք ձևավորող» ուղղությունը կենտրոնանում է դպրոցում ապահով, ներառական և համագործակցային միջավայր ստեղծելու վրա։

Մասնակիցները կանդրադառնան սովորողների սոցիալ-հուզական բարեկեցությանը, դասարանում պատկանելիության զգացման ձևավորմանը, ծնողների հետ արդյունավետ համագործակցությանը և դպրոցական համայնքի ամրապնդմանը։

Նոյեմբերի 14-ին նախատեսված աշխատարանում ուսուցիչներն ու կրթության ոլորտի մասնագետները կփորձեն մշակել դպրոցական միջավայրի բարելավմանն ու երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող գործնական լուծումներ։

Երևանում՝ արհեստական բանականություն և ուսումնառության նոր մոտեցումներ

Ծրագրի երրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 23–28-ը՝ Երևանում։ «Ուսուցիչը՝ որպես ուսումնառության նախագծող» ուղղության առանցքում ժամանակակից դասավանդման մեթոդներն են, այդ թվում՝ արհեստական բանականության նպատակային և պատասխանատու կիրառումը։

Մասնակիցները կուսումնասիրեն, թե ինչպես կարելի է նոր տեխնոլոգիաներն օգտագործել դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու համար՝ միաժամանակ զարգացնելով սովորողների ինքնուրույն և քննադատական մտածողությունը։

Կանդրադառնան նաև ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, տարբերակված դասավանդմանը և նախագծային ուսումնառությանը։

Նոյեմբերի 28-ին Երևանում նախատեսված գործնական աշխատարանում մասնակիցները կփորձարկեն, թե ինչպես կարելի է դպրոցի կամ համայնքի իրական խնդիրը վերածել ուսումնական նախագծի՝ սովորողներին ներգրավելով դրա ուսումնասիրության և լուծումների մշակման գործընթացում։

Մասնագիտական զարգացում՝ հասանելի տարբեր համայնքներում

Դասընթացներն ու աշխատարանները կվարեն «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի մասնագետները, որոնք ունեն ուսուցիչների և դպրոցների ղեկավարների հետ աշխատանքի բազմամյա փորձ։

Կազմակերպիչները կարևորում են, որ ծրագիրը հասանելի լինի ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր համայնքներում աշխատող կրթության մասնագետներին։

«Մեզ համար սկզբունքային էր, որ որակյալ մասնագիտական զարգացումը հասանելի լինի Հայաստանի տարբեր համայնքներում աշխատող ուսուցիչներին, տնօրեններին և կրթության ոլորտի ներկայացուցիչներին։ Սա հնարավորություն է տալիս ուսումնառությունը կառուցելու ոչ միայն տեսական մոտեցումների, այլև Հայաստանի կրթական միջավայրում առկա իրական խնդիրների, գործնական օրինակների և կիրառելի լուծումների շուրջ։ Նախաձեռնությունը միաժամանակ կարևորում է ուսուցիչների միջև մասնագիտական կապերի ամրապնդումը՝ ստեղծելով փորձի փոխանակման, համատեղ խնդիրների ուսումնասիրության և համագործակցության նոր հնարավորություններ»,— նշում է հիմնադրամի կրթական ծրագրերի մշակման ավագ ղեկավար Աննա Խաչյանը։

MindX Teachers Lab-ի նպատակն է ստեղծել մասնագիտական համագործակցության միջավայր, որտեղ ուսուցիչները ոչ միայն նոր գիտելիք կստանան, այլև հնարավորություն կունենան փորձարկելու իրենց գաղափարները, փոխանակելու փորձը և մշակելու կոնկրետ նախաձեռնություններ։

Կազմակերպիչների համոզմամբ՝ կրթական փոփոխությունները հաճախ սկսվում են փոքր քայլերից՝ դասավանդման նոր մեթոդի փորձարկումից, սովորողների մասնակցության ընդլայնումից կամ ծնողների հետ համագործակցության նոր ձևաչափից։ Նման նախաձեռնությունների տարածումն ու մասնագիտական համագործակցությունը կարող են նպաստել դպրոցներում ավելի լայն փոփոխությունների իրականացմանը։

Ինչպե՞ս մասնակցել

MindX Teachers Lab-ը նախատեսված է ուսուցիչների, դպրոցների տնօրենների և կրթության ոլորտի այլ մասնագետների համար։

Մասնակիցները կարող են ընտրել ինչպես առանձին դասընթաց, այնպես էլ ամբողջական թեմատիկ շրջան։

Ծրագրի ժամանակացույցը՝

- Կապան՝ հոկտեմբերի 26–31— «Ուսուցիչը՝ որպես առաջնորդ»։

- Վանաձոր՝ նոյեմբերի 9–14— «Ուսուցիչը՝ որպես համայնք ձևավորող»։

- Երևան՝ նոյեմբերի 23–28— «Ուսուցիչը՝ որպես ուսումնառության նախագծող»։

Յուրաքանչյուր թեմատիկ շրջան ներառում է երկու առցանց դասընթաց և մեկ առդեմ գործնական աշխատարան։

Գրանցումը պետք է կատարել համապատասխան դասընթացի մեկնարկից առնվազն երեք աշխատանքային օր առաջ։

Ծրագրի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ [«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի էջում։