Իսրայելը և Լիբանանը հոկտեմբերի 20–21-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցություններ կանցկացնեն Ֆլորիդայում։ Կողմերը մտադիր են քննարկել «Հըզբոլլահ» շարժման զինաթափումը և Իսրայելի զորքերի աստիճանական դուրսբերումը Լիբանանի հարավից։ Հանդիպումը կանցնի աշխատանքային մակարդակով՝ առանց Վաշինգտոնում երկու երկրների դեսպանների մասնակցության, The Times of Israel պարբերականին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

Ակնկալվում է, որ բանակցությունները նվիրված կլինեն եռակողմ շրջանակային համաձայնագրի իրագործմանը, որը միտված է «Հըզբոլլահ»-ից բխող ռազմական սպառնալիքի վերացմանը։ Միևնույն ժամանակ լիբանանյան կողմը մտադիր է պահանջել դադարեցնել երկրի տարածքում իսրայելական հարձակումները։ Դրա մասին ավելի վաղ հայտնել էր Լիբանանի նախագահի վարչակազմը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ լիբանանյան բանակից կպահանջի ապացուցել «Հըզբոլլահ»-ից բխող սպառնալիքները վերացնելու կարողությունը հատուկ սահմանված երկու փորձնական գոտիներում։ Ըստ նրա՝ եթե լիբանանյան զինվորականները չկարողանան կատարել այս խնդիրը, Իսրայելն ինքնուրույն կգործի։

«Մենք ձեզ տվել ենք երկու փորձնական գոտի՝ մտեք այնտեղ և մաքրեք դրանք սպառնալիքներից։ Կարո՞ղ եք։ Լավ։ Չե՞ք կարող։ Մենք ինքներս կզբաղվենք դրանով»,- ասել է Նեթանյահուն կիրակի The Times of Israel-ին տված հարցազրույցում։

Նա նաև ենթադրել է, որ «Հըզբոլլահ»-ի վերացումը կարող է ճանապարհ բացել Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության համար։ Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետը ժամկետներ չի նշել, որոնց ընթացքում լիբանանյան բանակը պետք է զինաթափի շարժումը։

Բանակցությունները տեղի են ունենում Լիբանանի ներսում Իսրայելի հետ շփումների շուրջ լարվածության հետնապատկերին։ ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադե-Մոավադի դեմ իրավական բողոք է ներկայացվել այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց նա կապ է հաստատել Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Եհիել Լեյթերի հետ՝ Հորդանան գետի Արևմտյան ափում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ ցավակցություն հայտնելու համար։ Ավտոմեքենայով վրաերթի հետևանքով Լեյթերի որդին ծանր վնասվածքներ է ստացել։

Իսրայելի հետ ուղիղ շփումներն արգելված են լիբանանյան օրենսդրությամբ։ ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակայնորեն դատապարտել է լիբանանյան դեսպանի դեմ ներկայացված բողոքը։ The Times of Israel-ի իրավիճակին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ Վաշինգտոնը միաժամանակ քննարկել է այդ գործի քննությանը մասնակցած լիբանանյան դատավորների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։