ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Մումբայում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների շուտափույթ ավարտի մասին։ Կողմերը միաժամանակ քննարկել են համագործակցության ընդլայնումը էներգետիկայի, տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում, հաղորդում է Associated Press-ը։

«Մենք շատ, շատ մոտ ենք։ Ես կասեի, որ համաձայնագրին այնքան մոտ ենք, որքան հնարավոր է մինչև դրա ստորագրումը։ Մնացել է կարգավորել հարցերի փոքրաթիվ շրջանակ, և կարծում եմ՝ դա տեղի կունենա մոտ ապագայում»,- ասել է Ռուբիոն լրագրողներին։

Վաշինգտոնի և Նյու Դելիի միջև բանակցությունները մի քանի ամիս փակուղում էին մնացել՝ ամերիկյան մաքսատուրքերի և Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների շուրջ տարաձայնությունների պատճառով։ 2025 թվականի օգոստոսին բանակցությունների տապալումից հետո ԱՄՆ-ը մինչև 50% մաքսատուրքեր սահմանեց հնդկական ապրանքների մեծ մասի նկատմամբ։ Փետրվարին կողմերը շրջանակային պայմաններ էին համաձայնեցրել, որոնք նախատեսում էին դրույքաչափի իջեցում մինչև 18%, սակայն գործարքի հետագա քննարկումը կանգ էր առել։

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը հայտարարել էր, որ բանակցությունները հասել են փակուղային կետի։ Միևնույն ժամանակ, առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը անցած շաբաթ հայտնել էր, որ համաձայնագրի առաջին փուլի շուրջ աշխատանքը ավարտական փուլում է։ Հնդկաստանը ձգտում է, որ վերջնական մաքսատուրքերը համադրելի լինեն մրցակից արտադրական կենտրոնների, մասնավորապես՝ Վիետնամի համար գործող դրույքաչափերին։

Մումբայում Ռուբիոն և Ջայշանկարը նաև եռակողմ հանդիպում են անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ մասնակիցները քննարկել են տարածաշրջանային էներգետիկ անվտանգության և ընդհանուր տնտեսական առաջնահերթությունների հարցերը։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո՝ 2022 թվականի փետրվարին, ռուսական նավթի զեղչով գնումները Հնդկաստանի կողմից պարբերաբար սրում էին Նյու Դելիի և Վաշինգտոնի հարաբերությունները։ Հնդկական իշխանությունները հայտարարում են էներգառեսուրսների ներմուծումը, դրանց թվում՝ ԱՄՆ-ից, ընդլայնելու և մատակարարներին դիվերսիֆիկացնելու մտադրության մասին, որպեսզի պահպանեն շուկայի կայունությունն ու մատչելի գները։ Ռուբիոն ընդունել էր, որ Հնդկաստանը դեռևս ռուսական նավթի զգալի ծավալներ է գնում և չի կարող ակնթարթորեն անցնել այլ մատակարարների։

Չորեքշաբթի Ռուբիոն նախատեսում է այցելել Գուջարաթ նահանգի Ջամնագարում գտնվող նավթավերամշակման համալիր և հանդիպել բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Համալիրը պատկանում է միլիարդատեր Մուկեշ Ամբանիի Reliance Industries ընկերությանը և համարվում է աշխարհում խոշորագույնը։ Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընկերությունը 300 միլիարդ դոլար կներդնի Թեքսաս նահանգի Բրաունսվիլ քաղաքում նավթավերամշակման գործարանի կառուցման մեջ։

Վաշինգտոնը Հնդկաստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և որպես Չինաստանին հավանական հակակշիռ։ Չնայած առևտրի և էներգետիկայի ոլորտներում առկա տարաձայնություններին՝ երկրները շարունակում են զարգացնել համագործակցությունը պաշտպանության և տեխնոլոգիաների ոլորտներում։