Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, որ շաբաթ օրվա ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնությունների հետևում կանգնած էին ծայրահեղ ձախ խմբավորումներ, որոնք, նրա խոսքով, նախապես ծրագրել էին ապստամբության փորձը, հաղորդում է Le Monde-ը։
Երեքշաբթի օրը Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ նա նաև հերքել է ոստիկանության կողմից քաղաքական հսկողությամբ զբաղվելու վերաբերյալ մեղադրանքները։
Լըկորնյուն կատարվածը որակել է որպես «առանձին վայրերում ծայրահեղ ձախ խմբավորումների կազմակերպած խռովարարական սցենար»։
Նա ընդգծել է, որ իշխանությունները թույլ չեն տա արմատական խմբերին «շարժվել դեպի Ելիսեյան պալատ կամ Մատինյոն» (Ֆրանսիայի նախագահի և վարչապետի նստավայրեր)։
Ֆրանսիայի վարչապետը հերքել է նաև այն պնդումները, թե իրավապահ մարմինները քաղաքական հետախուզություն են իրականացնում։ Նման մեղադրանքներն ավելի վաղ հնչել էին «Mediapart» առցանց պարբերականի հրապարակման մեջ, ինչը հետագայում տարածել էր նաև ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» (LFI) կուսակցությունը։
«Դա ճիշտ չէ»,— հայտարարել է Լըկորնյուն՝ հավելելով, որ անհնար է անգամ պատկերացնել, թե կառավարությունը կարող էր նման հրահանգներ տալ։





























