Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, մայիսի 22-23-ին, այցելել է Դուբլին, որտեղ Իռլանդիայում համատեղության կարգով դեսպան նշանակվելու կապակցությամբ իր հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին:

Մայիսի 23-ին Նախագահական պալատում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպանը կարճ զրույց է ունեցել նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Արարողությանը ներկա էին նաեւ Իռլանդիայի մանր եւ միջին բիզնեսի նախարար Ջոն Փերին, եւ Նախագահի աշխատակազմի ղեկավար Ադրիան Օ’Նիլը:

Հավատարմագրման արարողությունից հետո, ՀՀ նորանշանակ դեսպանի պատվին, Հայաստանի պատվո հյուպատոսը կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա էին պետական մի շարք կառույցների, դիվանագիտական կորպուսի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Նույն օրը դեսպան Ղազինյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի ԱԳՆ Քաղաքական տնօրեն Դեյվիդ Դոնահյուի եւ ԵԱՀԿ աշխատախմբի ղեկավար Ֆրանկ Քոգանի հետ:

Հաջորդ հանդիպումն Իռլանդիայի խորհրդարանում էր Առեւտրի ու զարգացման նախարար Ջո Քասթելոյի (Joe Costello) հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններն առաջ մղելու եւ զարգացնելու հնարավորությունները, հատկապես` գյուղատնտեսական, դեղագործական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաեւ երկկողմ բարձրաստիճան այցեր կազմակերպելու անհրաժեշտության հարցեր:

Նախարարի խնդրանքով դեսպանը հակիրճ ներկայացրել է նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Մայիսի 22-ին դեսպան Ղազինյանը հանդիպել է Իռլանդիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպել էր Իռլանդիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Օհան Երկայնհարսյանը: