Որպեսզի Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու որոշում չընդունվի, պետք է հանրաքվե անցկացվի։ Դրա մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։ Ըստ նրա՝ հենց դա էլ ասվել է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ։
«Միևնույն ժամանակ, կարծում եմ, եթե չեղարկվեն այն օրենքն ու պայմանավորվածությունները, որոնք Հայաստանն արդեն ունի Եվրամիության հետ, եթե չեղարկվի Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, ապա դա կլինի նոր իրավիճակ։ Իսկ եթե դա տեղի չունենա, ապա Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը կկասեցվի»,- հավելել է նա։
Նա ընդգծել է, որ այլ տարբերակներ հնարավոր չեն, հակառակ դեպքում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ պարունակվող ամեն ինչ պարզապես դատարկ խոսք կդառնա։ Նրանք նման քայլի չեն գնա։
Սիլաևը պարզաբանել է, որ եթե Հայաստանի նկատմամբ նման որոշում ընդունվի, ապա այն կընդունվի բոլոր մասնակից երկրների անունից (և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի), քանի որ դա կարող է լինել միայն կոլեկտիվ որոշում։
«Բոլոր մասնակից երկրները, ներառյալ՝ Հայաստանը և Ռուսաստանը, շահում են Եվրասիական տնտեսական միությունից։ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, թե՝ մենք հիմա կլինենք Եվրասիական տնտեսական միությունում, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ մեզ ավելի լավ մեկը չի հրավիրել, այսինքն՝ Եվրամիությունը։ Այս դիրքորոշումը խարխլում է ինտեգրման բուն գաղափարը, որովհետև ինտեգրումը պահանջում է երկարաժամկետ վստահություն։
Բացի դրանից, մի շարք քայլեր, որոնք թվարկված են զեկույցում և որոնք ձեռնարկում է Հայաստանի կառավարությունը, ուղղակիորեն հակասում են ԵԱՏՄ մասին պայմանագրին, հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին, ըստ որի՝ պայմանագիրը պետք է պահպանվի։
Եվ դա հարվածում է ոչ միայն Ռուսաստանին, այլ ընդհանրապես եվրասիական ինտեգրմանը, բոլոր այն պետությունների հեղինակությանը, որոնք մտնում են Եվրասիական տնտեսական միության մեջ։ Հետևաբար ես բոլորովին չեմ զարմացել, որովհետև այս հարցում բոլորի դիրքորոշումը համերաշխ է»,- ընդգծել է քաղաքագետը։
Նա վստահություն է հայտնել, որ չի աշխատի նաև հավանական այն տարբերակը, ըստ որի Հայաստանը չի չեղարկում եվրաինտեգրման մեկնարկի մասին օրենքը և չի անցկացնում հանրաքվե, այլ Մոսկվային տալիս է ոչ պաշտոնական երաշխիքներ։
«Ի՞նչ ոչ պաշտոնական երաշխիքներ, եթե Հայաստանում օրենք է ընդունվել։ Արդեն կան Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ մաքսային ոլորտում։
Ոչ պաշտոնական պայմանավորվածությունների համար տեղ չկա։ Կա օրենք, կա Հայաստանի կառավարության որդեգրած կուրսը։ Իսկ այն, թե՝ մենք նման օրենք ընդունեցինք, բայց իրականում դուք դրան նշանակություն մի տվեք, դա արդեն անցել են։ Այս ամենը բազմիցս արդեն ասվել է։ Իսկ Մոսկվայում նման հավաստիացումների արժեքը լավ գիտեն»,- եզրափակել է Սիլաևը։
Հայաստանի անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կարող է հանգեցնել նրա ՀՆԱ-ի 15,6% նվազման
Հայաստան գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից





























