ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է առաջիկա ընտրություններում աջակցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, չնայած նրան, որ մեկ օր առաջ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն հանդես էր եկել ի պաշտպանություն իսրայելցի առաջնորդի, հաղորդում է Associated Press-ը։

«Նախագահը ունի աջակցության ամենաազդեցիկ ռեսուրսը ԱՄՆ-ի քաղաքական պատմության և միջազգային քաղաքականության մեջ»,- հայտարարել է Վենսը լրագրող Մարկ Հալպերինին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահը շեշտել է, որ մտադիր չէ միջամտել իսրայելական ընտրարշավին։

«Ես աջակցում եմ ամերիկացի թեկնածուներին, և հենց միջանկյալ ընտրությունների վրա եմ կենտրոնացած։ Այդ պատճառով ես չեմ պատրաստվում միջամտել Իսրայելում ընտրություններին»,- ասել է նա։

Վենսն այս հայտարարությունն արել է Հյուսիսային Կարոլինա կատարած այցի ընթացքում, որտեղ քարոզարշավ էր վարում Սենատի հանրապետական թեկնածու Մայքլ Ուոթլիի օգտին։ Անցյալ տարի փոխնախագահը, ընդհակառակը, մասնակցել էր օտարերկրյա քաղաքական գործչի՝ այն ժամանակվա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի աջակցման արշավին, որի կուսակցությունը հետագայում պարտվեց խորհրդարանական ընտրություններում։

Վենսի դիրքորոշումը հնչել է ամերիկա-իսրայելական հարաբերությունների համար զգայուն պահին։ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններին ընդառաջ ուժեղացել են հակասեմիտիզմի և Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի շուրջ վեճերը։ Հանրապետականները մեղադրում են Դեմոկրատական կուսակցությունից որոշ թեկնածուների, մասնավորապես Միչիգանից Սենատի տեղի հավակնորդ Աբդուլ էլ-Սայեդին, հրեաների և Իսրայելի նկատմամբ թշնամական վերաբերմունքի մեջ։ Միևնույն ժամանակ հենց հանրապետականներն իրենք էլ բախվում են այս հարցերի շուրջ ներքին տարաձայնությունների։

Վենսը ենթարկվում էր նաև որոշ հրեա հանրապետականների քննադատությանը, որոնք կասկածում են նրա նվիրվածությանը հրեա ամերիկացիների պաշտպանությանը և Իսրայելի հետ սերտ դաշինքի պահպանմանը։ Անցյալ ամիս նա Լաս Վեգասում հանդիպել էր Հանրապետական հրեական կոալիցիայի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասնակիցներն ընդհանուր առմամբ դրական էին գնահատել նրա ելույթը, թեև նա չցանկացավ հեռու մնալ պահպանողական փոդքասթեր Թաքեր Կառլսոնից, որին քննադատել էին հայտնի հակասեմական հայացքներ ունեցող Նիք Ֆուենտեսի հետ հարցազրույցի համար։

Ավելի վաղ Վենսը խիստ քննադատությամբ էր հանդես եկել իսրայելական կառավարության այն ներկայացուցիչների հասցեին, որոնք, նրա կարծիքով, խոչընդոտել էին Իրանի հետ պատերազմի կարգավորման ուղղությամբ Թրամփի ջանքերին։ Հուլիսին նա հայտարարել էր, որ որոշ իսրայելցի պաշտոնյաներ փորձում էին ազդել ԱՄՆ-ում հանրային կարծիքի վրա, որպեսզի տապալեն բանակցությունները և հասնեն պատերազմի շարունակմանը։