ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի ակնկալում, որ ֆրանսիական պետական պարտատոմսերի շուկայում ստեղծված իրավիճակը Ֆրանսիայի սահմաններից դուրս ֆինանսական ցնցումների կհանգեցնի։ Դրա մասին նա հայտարարել է 2Way Tuesday հաղորդման ժամանակ, հաղորդում է Bloomberg գործակալությունը։

«Ես չեմ ակնկալում, որ Ֆրանսիայում տեղի ունեցողը շղթայական արձագանք կառաջացնի։ Ֆրանսիան դժվար ժամանակներ է ապրում, սակայն նախագահ Էմանուել Մակրոնի տնտեսական թիմը, որին ես շատ լավ եմ ճանաչում, իսկապես բարձրակարգ մասնագետներից է»,- ասել է Բեսենթը։

Հայտարարությունը հնչել է ֆրանսիական պարտատոմսերի եկամտաբերության կտրուկ աճի ֆոնին, ինչը սրել է երկրի պետական ֆինանսների վիճակի շուրջ քննարկումները։