Երեքշաբթի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցների թիվն աճել է, երբ ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների ցույցերին միացել են համալսարանների դասախոսներն ու այլ հասարակական գործիչներ, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Ակցիաները շարունակվում են արդեն երկրորդ շաբաթը, իսկ մասնակիցները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը և քաղաքական փոփոխություններ։
Ակադեմիական համայնքի ավելի քան հազար ներկայացուցիչ միջնորդագիր է ստորագրել՝ Ռամային կոչ անելով հրաժարական տալ և ձևավորել տեխնոկրատական կառավարություն։
Դասախոսների և հասարակական գործիչների միանալն ընդլայնել է բողոքի ակցիաների մասնակիցների շրջանակը, սակայն ցուցարարները մտադիր չեն հրաժարվել իրենց պահանջներից։
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ավելի վաղ հայտարարել էր, որ հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցներն անցել են «կարմիր գիծը» և նախազգուշացրել էր բռնության իրավական և ֆինանսական հետևանքների մասին։
Ռամայի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Ալբանիայում շարունակվում են արդեն մի քանի ամիս։ Նախանցած շաբաթ լարվածությունն աճեց, երբ ցույցերին միացավ ուսանողական շարժումը, որը պահանջում է միջոցներ ձեռնարկել ուսման բարձր վարձի պատճառով։





























