Մասիսի համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Նիկոլ Փաշինյանին։
Նշենք՝ Փաշինյանը հրապարակել է մի փաստաթուղթ, ըստ որի Ազատաշենի վարչական ղեկավար Սարգիս Ստեփանյանին պաշտոնից ազատել է Մասիսի համայնքապետը։ Փաշինյանն այն որակել է որպես քաղաքական հետապնդում։
«ՁԵԶ ՍՏՈՒՄ ԵՆ, ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ…Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 7-ին իմ կայացրած որոշման վերաբերյալ անդրադարձին՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալը.Նշված որոշմամբ աշխատանքից ազատել եմ Մասիս համայնքի Ազատաշեն բնակավայրի վարչական ղեկավարին՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հիմքով։Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Համայնքային վարչական պաշտոններն են… բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները»։
Նույն հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է, որ «վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքում»։Հաշվի առնելով վարչական ղեկավարի՝ իր քաղաքական ուղղվածությունը և դիրքորոշումը փոխելու մասին հայտարարությունը՝ ղեկավարվելով վերոնշյալ իրավական հիմնավորմամբ կայացվել է որոշումը։
Հանրության համար առավել ընկալելի օրինակով բացատրեմ իրավիճակը.Պատկերացրեք՝ մարզպետը, նախարարը կամ նրա տեղակալը հայտարարում է, որ չի կիսում կառավարության որդեգրած քաղաքական ուղղվածությունը և միանում է ընդդիմությանը, սակայն շարունակում է պաշտոնավարել՝ պահպանելով իր քաղաքական պաշտոնը։
Արդյո՞ք նման իրավիճակում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հանգամանքը չպետք է դիտարկվի։
Հ.Գ.1. Մասիս համայնքում որևէ մեկը չի կարող մեր կողմից քաղաքական հետապնդման ենթարկվել։ Մեր թիմը քաղաքական հետապնդումը համարում է թույլերի ձեռագիր։
2. Պարո՛ն վարչապետ, Երևանից Մասիս համայնք գործուղված անձը և Ձեր կուսակցության որոշ նոր անդամներ Ձեզ ոչ հավաստի տեղեկատվություն են փոխանցում։
3. Մնացածի մասին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- գրել է նա։





























