Իռլանդական Ryanair ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ’Լիրին կանխատեսում է, որ առաջիկա 12 ամիսներին Եվրոպայում ավիատոմսերի գները կաճեն ռեկորդային տեմպերով, գրում է The Guardian-ը։

Նրա գնահատմամբ՝ ավիատոմսերը կարող են թանկանալ 10–20%-ով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին ավիաընկերությունների ավիավառելիքի ծախսերի կտրուկ աճի պատճառով։

«Հաջորդ տարի Եվրոպայում ավիատոմսերի գները կբարձրանան՝ կարծում եմ՝ 10, 15, հնարավոր է նաև 20%-ով։ Առաջիկա 12 ամիսներին Եվրոպան, հավանաբար, կտեսնի ավիատոմսերի գների ամենանշանակալի աճը պատմության մեջ»,- Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Օ’Լիրին։

Վերջին ամիսներին ավիավառելիքը կտրուկ թանկացել է Իրանի դեմ պատերազմի պատճառով առաջացած մատակարարման խափանումների հետևանքով։ Վառելիքը զգալի մասն է կազմում ավիափոխադրողների ծախսերում, իսկ գների աճը կրճատում է նրանց շահույթը։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) ավելի վաղ կանխատեսել էր, որ 2026 թվականին ավիավառելիքը միջինում կարժենա 152 դոլար մեկ բարելի դիմաց՝ 70%-ով ավելի, քան մեկ տարի առաջ, երբ միջին գինը կազմում էր 90 դոլար։

Օ’Լիրին նշել է, որ Ryanair-ը և եվրոպական մի շարք այլ ավիաընկերություններ նախապես ամրագրել են վառելիքի գները 2026 թվականի համար։ Փետրվարի վերջին Իրանի հետ հակամարտության սկզբին Ryanair-ը գների տատանումներից ապահովագրել էր իր վառելիքային պահանջարկի 80%-ը՝ մեկ բարելի համար 67 դոլար գնով։

Սակայն 2027 թվականի ապրիլից եվրոպական փոխադրողների մեծ մասը, դրանց թվում՝ Ryanair-ը, գործնականում նման երաշխիքներ չունի բարձր գների պահպանման դեպքում։ Ըստ Օ’Լիրիի՝ հաջորդ տարվա համար ընկերությունը չի ամրագրել իրեն անհրաժեշտ վառելիքի 85%-ի գինը։ Մնացած 15%-ի պայմանագիրը նախատեսում է մեկ բարելի համար 85 դոլար գին, մինչդեռ ներկայիս շուկայական գնանշումները մոտ երկու անգամ ավելի բարձր են։

Ryanair-ի ղեկավարը նախազգուշացրել է նաև, որ վառելիքի թանկացումը կարող է հանգեցնել ավիաընկերությունների սնանկացման և կլանումների։ Բրիտանական easyJet լոուքոսթերը հուլիսին հայտնել էր վառելիքի տարեկան ծախսերի 105 միլիոն ֆունտ ստեռլինգով աճի մասին։ Ընկերությունն ամրագրել է վառելիքի պահանջարկի 62%-ի գինը 2027 թվականի առաջին կիսամյակի համար և 37%-ինը՝ երկրորդի։ Հոկտեմբերին easyJet-ը հայտարարել էր ձմեռային չվացուցակում 700 հազար տեղ կրճատելու մասին՝ ծախսերը նվազեցնելու համար։

Բրյուսել այցի ընթացքում Օ’Լիրին հայտնել է նաև, որ Ryanair-ը Բելգիայից ձմեռային չվացուցակից կհանի 20 երթուղի և ավելի քան մեկ միլիոն ուղևորային տեղ։ Պատճառը հունվարից ավիացիոն հարկը 2 եվրոյից 7 եվրո բարձրացնելու վերաբերյալ դաշնային իշխանությունների որոշումն էր։