Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «մտադիր է հասնել իրանական ռեժիմի տապալմանը», ինչից հետո, նրա կարծիքով, կվերացվի նաև լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը, գրում է The Times of Israel-ը։

Նա Իրանում իշխանափոխությունն անվանել է Իսրայելի գլխավոր նպատակը և հայտնել, որ այդ հարցը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Ես մտադիր եմ գործը հասցնել մինչև վերջ»,- հայտարարել է Նեթանյահուն ուսումնական տարվա բացման արարողության ժամանակ նոր Թել-Հայ համալսարանում՝ Կիրյատ-Շմոնա քաղաքում, որը Լիբանանի սահմանին մոտ է։ Ըստ նրա՝ իսրայելական բանակը զգալի հաջողությունների է հասել «Հըզբոլլահի» դեմ պայքարում, սակայն գործողությունը դեռ ավարտված չէ։

«Գործը մինչև վերջ հասցնել նշանակում է տապալել Իրանում ահաբեկչական ռեժիմը։ Դա թունավոր ութոտնուկի գլուխն է։ Կտրեք այն՝ և նա կընկնի։ Այդ ժամանակ մենք խաղաղություն կունենանք նաև Լիբանանի հետ»,- հայտարարել է իսրայելական վարչապետը։

Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանում ներկայիս իշխանության պահպանումը, նույնիսկ եթե այն թուլացած է հարվածներից, չի բացառում միջուկային զենք ստեղծելու և այսպես կոչված «դիմադրության առանցքը»՝ Թեհրանին դաշնակից տարածաշրջանային զինված խմբավորումների ցանցը, վերականգնելու նոր փորձերը։

«Դա կանխելու միակ միջոցը այդ ռեժիմը տապալելն է, ինչին կհետևի նաև «Հըզբոլլահի» վերացումը»,- հայտարարել է նա։