Ցուցարարները փակել են դեպի գերմանական պաշտպանական արդյունաբերության մի քանի ձեռնարկություններ տանող մուտքերը՝ իրենց սոսնձելով ճանապարհներին, հայտնում է dpa-ն։
Ակցիաները տեղի են ունեցել Բեռլինում և մի շարք այլ քաղաքներում՝ ի նշան Իսրայելի բանակին գերմանական զենքի մատակարարումների դեմ բողոքի։
Բեռլինի Վեդինգ շրջանում երեքշաբթի առավոտյան մի քանի ակտիվիստներ իրենց սոսնձել են Rheinmetall պաշտպանական կոնցեռնի ձեռնարկության դիմացի ճանապարհին։ Ոստիկանությունը ակցիայի մասին հաղորդում է ստացել տեղական ժամանակով 5:30-ին։ Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ 11 մասնակիցներից ինը հոգի իրենց սոսնձել են ճանապարհածածկին։ Մի պահ տեղում եղել է մոտ 90 ոստիկան։
Իրավապահները հետաքննություն են սկսել հարկադրանքի կասկածանքով, ինչպես նաև կարգախոսներ վանկարկելիս արգելված խորհրդանիշների օգտագործման փաստով։
Rheinmetall-ը այս տարվա սկզբին զենքի արտադրություն է սկսել ավտոպահեստամասեր արտադրող նախկին Pierburg ձեռնարկության տարածքում։ Այդ ժամանակից ի վեր գործարանի մոտ բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացվել։ Դրանցից մի մասին միացել է շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը։
Բեռլինում ակցիայի պատասխանատվությունը ստանձնել է Peacefully Against Genocide խումբը։ Նրա տվյալներով՝ նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաև Գերմանիայի մի քանի դաշնային երկրամասերում գտնվող պաշտպանական արդյունաբերության այլ ձեռնարկություններում՝ հավաքելով ավելի քան 70 մասնակից։ Ակտիվիստները հանդես են գալիս Իսրայելի բանակին գերմանական զենքի մատակարարումների դեմ։
Երկրի կենտրոնական մասում գտնվող Կասել քաղաքում յոթ մարդ փակել է Rheinmetall-ի գործարան տանող մուտքը և Մերձավոր Արևելքի հակամարտությանը նվիրված ցուցապաստառներ պարզել։ Ոստիկանությունը մոտ մեկուկես ժամ անց՝ կեսօրին մոտ, ցրել է չհամաձայնեցված ակցիան։
Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Կայզերսլաուտեռն քաղաքում 19-32 տարեկան տասը ակտիվիստներ իրենց սոսնձել են պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկի դիմաց։ Ոստիկանության տվյալներով՝ ցույցը համաձայնեցված չի եղել, և քաղաքային իշխանությունները պաշտոնապես հայտարարել են դրա դադարեցման մասին։
Եվս 24 մարդ նստացույց է կազմակերպել և փակել մուտքը Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Նոյենբուրգ քաղաքում գտնվող ձեռնարկություն տանող ճանապարհին։ Ոստիկանությունը չի հստակեցրել, թե այնտեղ որ ընկերությունն է գտնվում։ Միևնույն ժամանակ կազմակերպիչները Instagram-ում հայտնել են, որ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Նոյենբուրգում գտնվող Rheinmetall-ի գործարանում և Սանկտ Լեոն-Ռոտում գտնվող KS Gleitlager GmbH ձեռնարկությունում։ Տեղական ոստիկանությունը հայտարարել է, որ վերջին քաղաքում տեղի ունեցած ակցիայի վերաբերյալ տեղեկություններ չունի։





























