Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ արտերկիր արտահանել հարստացված ուրան։ Այդ մասին նա երեքշաբթի երեկոյան հայտնել է Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ, որը միջնորդում է Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփումներում, հաղորդում է Mehr-ը։

«Իրանից հարստացված ուրանի ոչ մի մասնիկ չի արտահանվի»,- հայտարարել է Ռեզային։

Նա հարստացված ուրանի պաշարներն անվանել է Իրանի կարևորագույն ազգային հարստությունը և ընդգծել, որ այդ նյութը կմնա երկրում՝ պետության ներսում օգտագործվելու համար։

Ռեզային նշել է, որ իրանական իշխանություններն ու հասարակությունը միասնական են այդ հարցում։ Նա հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ Վաշինգտոնը քայլեր չի ձեռնարկել վստահությունը վերականգնելու համար։ Նման գործընթացի մեկնակետը, ընդգծել է Իրանի ներկայացուցիչը, պետք է լինի ամերիկյան կողմի՝ Թեհրանի պայմանների կատարումը։

Ռեզային առանձին ընդգծել է Իրանի և Պակիստանի ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները։

Մունիրն, իր հերթին, հայտնել է երկու երկրների միջև սահմանի բացման մասին։ Նրա գնահատմամբ՝ սահմանային ռեժիմին առնչվող խնդիրները հաջողվել է կարգավորել, իսկ անցակետերը վերսկսել են աշխատանքը երեքշաբթի առավոտյան։

Պակիստանի բանակի ղեկավարը նաև բարձր է գնահատել 40-օրյա պատերազմի ընթացքում իրանական զինված ուժերի դիմադրությունը և ընդգծել Թեհրանի ու Իսլամաբադի տարածաշրջանային համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ առանց արտաքին ուժերի մասնակցության։