Կալիֆոռնիայում հետաքննում են Pokémon-ի և սպորտային աստղերի կոլեկցիոն քարտերի գողությունը՝ առնվազն 963 հազար դոլար արժողությամբ, հաղորդում է Associated Press-ը։

Դրանք գողացվել են Professional Sports Authenticator (PSA) ընկերության մոտ կայանված FedEx-ի բեռնատարից, որը ստուգում է կոլեկցիոն իրերի իսկությունը և գնահատում դրանց վիճակը։ Միաժամանակ իրական վնասը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել։

Սանտա Անա քաղաքի ոստիկանության տվյալներով՝ գողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին։ Վարորդը բեռնատարը թողել է առանց հսկողության, և չարագործները բացել են այն, տարել քարտերով երկու ծղոտե հարթակ և վնասել երրորդը։ Թե որքան ժամանակ էր ավտոմեքենան մնացել առանց հսկողության, քննիչները դեռ պարզում են։

Ոստիկանության ներկայացուցիչ Նատալի Գարսիան հայտնել է, որ գողացված քարտերի նախնական արժեքը դեպքի պահին կազմել է 963 հազար դոլար։ Սակայն գողացված գույքի ճշգրիտ արժեքը դեռ չի հաստատվել։

Բոստոնի շրջանից քարտերի կոլեկցիոներ Նիք Էնդրյուսը, որը չի տուժել գողությունից, Associated Press-ին ասել է, որ արդեն լսել է առնվազն երկու տասնյակ տուժածների մասին։ Նրա գնահատմամբ՝ խոսքը կարող է հազարավոր քարտերի մասին լինել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է միլիոնավոր դոլարներ։ Նա նշել է, որ կոլեկցիոներներից մեկը հայտնել է հայտարարագրված արժեքով կես միլիոն դոլարի քարտերի կորստի մասին։

Collectors ընկերությունը, որին պատկանում է PSA-ն, հայտնել է, որ չեղարկել է գողացված քարտերի հավաստագրերը և զգուշացրել է առևտրային հարթակների գործընկերներին, որպեսզի նրանք կարողանան հետևել հազվագյուտ նմուշներին և անհատական սերիական համարներով քարտերին։ Ընկերությունը նաև կապ է հաստատել տուժած հաճախորդների հետ և կազմակերպել է փոխհատուցումներ՝ ելնելով հավաքածուների արդար շուկայական արժեքից։

FedEx-ը և Collectors-ը հայտարարել են, որ համագործակցում են իրավապահ մարմինների հետ։ FedEx-ի ներկայացուցիչ Դևիդ Ուեստրիքն ընդգծել է, որ հաճախորդների առաքումների անվտանգությունն ընկերության գլխավոր առաջնահերթություններից մեկն է։

PSA-ի որոշ հաճախորդներ համացանցում հայտնել են, որ տեղի ունեցածի բացատրությամբ նամակներ են ստացել։ Նրանք մտավախություն ունեն, որ չեն կարողանա վերադարձնել իրենց քարտերը կամ պատշաճ փոխհատուցում ստանալ։ Collectors-ում հայտարարել են, որ հասկանում են հավաքածուների կարևորությունը սեփականատերերի համար: Նա ընդգծել է, որ նրանցից շատերի համար այդ իրերը սոսկ ֆինանսական արժեք չեն։