CNN հեռուստաընկերությունը սպառնացել է դիմել դատարան, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակի իր լրագրողներին չթողնել նախագահական Air Force One ինքնաթիռ և սահմանափակել պետության ղեկավարի ուղևորությունների լուսաբանումը։ Դրա մասին ասվում է հեռուստաընկերության փաստաբան Թեդ Բուտրուսի նամակում, որը երկուշաբթի ուղարկվել է ԱՄՆ արդարադատության նախարարություն։

«CNN-ից վրեժ լուծելու և հեռուստաընկերությանը նրա լրատվական նյութերի բովանդակության պատճառով խտրական վերաբերմունք ցուցաբերելու այս փորձերը սխալ են, հակաարդյունավետ և անօրինական»,- գրել է իրավաբանը։ Նա ընդգծել է, որ եթե սահմանափակումները պահպանվեն, CNN-ը ստիպված կլինի ձգտել լրացուցիչ դատական միջոցների։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Սպիտակ տունը մի քանի անգամ CNN-ին բացառել է այն հեռուստաընկերությունների փուլից, որոնք հերթով ապահովում են նախագահի միջոցառումների և ուղևորությունների տեսանկարահանումը։ Մասնավորապես, անցած հանգստյան օրերին CNN-ի լրագրողներին թույլ չեն տվել ուղեկցել Թրամփին Ջորջիա և Ֆլորիդա կատարած ուղևորության ընթացքում, թեև հեռուստաընկերությունը պետք է ապահովեր ընդհանուր տեսանկարահանումը մյուս լրատվամիջոցների համար։ Ի նշան համերաշխության՝ մյուս խոշոր ամերիկյան հեռուստաընկերությունները հրաժարվել են փոխարինել CNN-ին։

Նամակում Բուտրուսն ընդգծել է, որ CNN-ն արդեն 45 տարի մասնակցում է հեռուստաընկերությունների փուլին և լուսաբանում է իրադարձությունները Օվալաձև աշխատասենյակում ու Air Force One-ում։ Նա նշել է, որ Սպիտակ տունը սահմանափակումների վերաբերյալ գրավոր ծանուցում չի ներկայացրել և չի բացատրել լրագրողներին չթողնելու պատճառները։

Փաստաբանը վարչակազմից պահանջել է գրավոր հաստատել, որ Սպտակ տունը կդադարեցնի CNN-ին փուլից բացառելն ու լրագրողներին իրենց պարտականությունները կատարելուն խոչընդոտելը։ Պատասխանելու համար Սպիտակ տանը ժամկետ է տրվել մինչև հինգշաբթի՝ ԱՄՆ արևելյան ժամանակով 17:00։

Հակամարտությունը դարձել է Թրամփի վարչակազմի և լրատվամիջոցների միջև դատական դիմակայության շարունակությունը։ Մեկ ամիս առաջ նախագահը CNN-ին, MS NOW-ին և Politico-ին արգելել էր աշխատել Սպիտակ տանը։ Այդ լրատվամիջոցները հայց էին ներկայացրել՝ հայտարարելով, որ խախտվել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին և Հինգերորդ փոփոխությունները։ Դաշնային դատավոր Թիմ Քելլին նախնական դատական արգելք էր սահմանել՝ համարելով, որ սահմանափակումները, հավանաբար, խախտում են Առաջին փոփոխությունը, քանի որ ներկայացնում են խտրականություն՝ ըստ հայացքների։ Դրանից հետո վարչակազմը վերականգնել էր լրագրողների մուտքը, սակայն շարունակել էր նրանց սահմանափակել այլ ձևերով։

Սպիտակ տունն, իր հերթին, չի հաստատել, որ CNN-ի նկատմամբ կիրառում է նույն ռազմավարությունը, ինչ Associated Press գործակալության նկատմամբ, որի լրագրողներին Թրամփն ավելի վաղ հեռացրել էր Օվալաձև աշխատասենյակում միջոցառումների և Air Force One-ով ուղևորությունների լուսաբանումից։ Այդ ժամանակ պատճառը գործակալության՝ նախագահի առաջարկած Մեքսիկական ծոցի նոր անվանումն անմիջապես օգտագործելուց հրաժարվելն էր։

2025 թվականի հունիսին վերաքննիչ դատարանը մասնակիորեն չեղարկել էր Associated Press գործակալության օգտին սահմանված ժամանակավոր սահմանափակումները՝ նշելով, որ այնպիսի փակ տարածքներ, ինչպիսիք են նախագահական ինքնաթիռը և Օվալաձև աշխատասենյակը, Առաջին փոփոխության իմաստով կարծիքների ազատ արտահայտման համար հանրային հարթակներ չեն։ Միևնույն ժամանակ որոշումը պարտադիր ուժ չէր ունեցել այլ գործերի համար։