Մասիս խոշորվացված համայնքում դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի համայնքապետի թեկնածու, այժմ Մասիսի անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Հակոբյանը քաղաքացիների հետ կազմակերպում է հանդիպումներ։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ էլ մի երեխայի խոստացել է հեռախոս նվիրել։ Այս տեսանյութը տարածվել է համացանցում ու բուռն քննադատությունների ալիք բարձրացրել։ Դեպքը խնդրահարույց են համարում նաև իրավապաշտպանները. առնվազն երկու խախտման մասին են ահազանգում, մեկն այն է, որ նախընտրական խոստում է տալիս, երկրորդն էլ՝ երեխայի ներգրավվածությունը քարոզարշավին։
NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննես Հակոբյանը պարզաբանել է կատարվածն ու արդարացել, թե ինքն ամենօրյա այցեր է ունենում որպես Մասիսի բնակիչ ու անձնագրային և վիզաների վարչության պետ։ Նա նշել է, որ հանդիպումը կիրակի օրն է տեղի ունեցել։
Հարցին՝ իրավապահներից որևէ զանգ կամ այց ունեցե՞լ է, Հակոբյանն ասել է. «Եթե խախտում կա, իրավապահները կարձագանքեն։ Էական չի ինձ դիմել են, թե՝ ոչ։ Ի՞նչ է փոխվում, որ ասեմ՝ դիմել են ինձ, թե՝ ոչ»։
Հակոբյանը պարզաբանել է նաև, թե ինքը երեխային ասել է, որ «հեռախոսն ինքը կստանա ընտրություններից հետո». «Այդ մասը տեսանյութում չկա։ Ես դա ասել եմ, որ ոչ մեկ հանկարծ չմտածի, որ կարող է դիտվել ինչ-որ ընտրակաշառք»։
Մանրամասները՝ տեսանյութում











